ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ ՍՈՆԱՆ

Պոեզիա > ԱՄԵՆԱ, ԱՄԵՆԱ ՍՈՆԱՆ

Փոքրիկ տիկնիկ, մեծացի՛ր,

ինձ պես մեծ բալիկ դարձիր,

մենք կգնանք ման գալու,

այնքան բան կա տեսնելու:

Հայրիկին մենք չենք ասի,

մայրիկին էլ չենք ասի,

առանց տատիկ, առանց պապ,

մենք երկուսով կիջնենք բակ:

Արդեն մեծ եմ, դու գիտե՞ս,

չվախենաս, չտխրես,

կելնենք փողոց հետո, տե՛ս,

միայն ձեռքս չթողնես…

Կնստենք մի մեքենա,

կասեմ՝ քեռի, դե գնա,

պիտի տանեմ տիկնիկիս

կենդանաբանական այգի,

այնտեղից էլ մեզ Սևան,

պիտի տանես, քեռի ջան,

հետո Գեղարդ, Դիլիջան…

Եվ երբ ետ գանք Երևան,

կրկեսի մոտ կիջեցնես՝

մի շոկոլադ կտամ քեզ,

համաձա՞յն ես, քեռի ջան,

կասի՝ բա ո՞նց, անպայման…

Իսկ երբ հասնենք մենք կրկես,

տոմսեր պետք չեն ինձ ու քեզ,

կասեն՝ դե շուտ, ներս անցեք,

Սոնան եկավ, տեղ բացեք…

ճանաչում են ինձ վաղուց

շնիկ, վագր ու առյուծ…

Կգտնենք մենք մի անկյուն,

թե չէ ծաղրածուն իսկույն

տեսնի, կասի՝ փոքրիկներ,

ով է եկել, մի տեսեք…

Հետո կուտենք պաղպաղակ,

մութը կընկնի շատ արագ…

Վա~յ, ոնց պիտի ետ գանք մենք,

ախր, ճամփան չգիտենք,

կմոլորվենք, կմնանք՝

սոված, ծարավ ու մենակ…

 

… Ու տիկնիկին պինդ գրկած,

ձայնը գլուխը գցած,

լաց է լինում Սոնան, լաց…

Խոհանոցից վախեցած՝

մայրը վազեց ու կրծքին

սեղմեց փոքրիկ Սոնային.

– Քեզ ի՞նչ եղավ, իմ բալիկ,

ախր, ինչո՞ւ ես լալիս…

Եվ մայրիկի գրկի մեջ,

Սոնան լալիս է անվերջ.

–  Վա՜յ, մայրիկ ջան, չթողնես,

որ տեղ գնամ առանց քեզ…

[sharify]