Անցյալը – ավարտված գերեզմանոց, ուր
հայացքներ են թափառում, իսկ աչքերը
փակվել են վաղուց` ձայների անտառ,
տոնածառի նման գունագեղ հեքիաթներ.
բենգալյան կրակներով լուսավորված ներսից:
Խնամված ու մշակված գազոնները
առասպելների` արյունով ու արցունքով
լղոզված գեղեցիկ պատմություններ, որոնք
երեխաները սերտում են դպրոցներում, իսկ
մեծահասակները աֆորիզմներով և իմաստուն
նախադասություններով հագեցած ներկայացումներ են
սարքում բեմերի վրա` ողջ մարդկանց հագցնելով
հանգուցյալների շորերը և ստիպելով նրանց
խոսել այնպես, ինչպես ժամանակներ առաջ
հին մարդիկ, որոնք լարած տիկնիկների նման
նույն խոսքերն են կրկնում և նույն շարժումներն են
անում հին գրքերի մեջ: Ահա, փոքրիկ ցնցում
և ափից դանդաղ պոկվում է ձեր նավը
և գնալով խլանում են փողային նվագախմբի
հնչյունները` ուժգնացող քամու
պոռթկումների մեջ:
Քամին տեղ է ազատում
նոր գերեզմանոցի համար: