ՄԻԼԵՆԻՈՒՄ

Պոեզիա > ԿԵՍ ԺԱՄԱՆԱԿ

Անցյալը – ավարտված գերեզմանոց,

ուր հայացքներ են թափառում,

իսկ աչքերը փակվել են վաղուց`

ձայների անտառ, տոնածառի նման գունագեղ հեքիաթներ.

բենգալյան կրակներով լուսավորված ներսից,

խնամված ու մշակված գազոնները առասպելների`

արյունով ու արցունքով լղոզված գեղեցիկ պատմություններ,

որոնք երեխաները սերտում են դպրոցում,

իսկ մեծահասակները

աֆորիզմներով և իմաստուն նախադասություններով հագեցած

ներկայացումներ են սարքում բեմերի վրա` կենդանի մարդկանց հագցնելով

հանգուցյալների շորերը և ստիպելով նրանց խոսել այնպես,

ինչպես ժամանակներ առաջ

հին մարդիկ,

որոնք լարած տիկնիկների նման նույն խոսքերն են

կրկնում և նույն շարժումներն են անում հին գրքերի մեջ,

ահա, փոքրիկ ցնցում և ափից դանդաղ պոկվում է ձեր նավը

և գնալով խլանում են փողային նվագախմբի հնչյունները`

ուժգնացող քամու պոռթկումների մեջ:

Քամին

տեղ է ազատում

նոր գերեզմանոցի համար:

[sharify]