ՄԻ ԵՐԳ ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆԻՆ

Պոեզիա > ԱՆՁՐԵՎ ՄԻ ՏԽՈՒՐ ԱՌԻԹՈՎ

Փայտը այնպես էր սառել,

որ բռնել չէր լինում,

երաժշտախումբը նվագում էր համերաշխ:

Ես  քայլում էի բոլորի հետ

գլխահակ ու տխրադեմ:

Ինչ-որ մեկը պետք է որ նայած լիներ

մեր այս գլխահակ ամբոխին,

որը տանում էր իր մեռած ընկերոջը

թաղելու և ողբալու համար:

Բոլորը համոզում էին մորը,

որ առանձնապես բան չի պատահել,

պարզապես նրա որդին հոգնել է

և նրան տանում են ձեռքերի վրա.

– Իսկ ինչո՞ւ է ձյուն գալիս,-

կասկածանքով հարցնում է մայրը,

և բոլորը սսկվում են միանգամից

և ձեռքերը խրում են գրպանները

և նորից քայլում են լռելյայն,

գլխահակ ու տխրադեմ:

Ես լսում էի այդ ամենը

և ուզում էի ասել մորը,

որ արդեն ձմեռը եկել,

որ նրա համար անվերջ ու անվերջ

ձմեռ է լինելու հիմա,

բայց մտածեցի միևնույն է,

չի հավատա նա ինձ

և կսկսի

ավելի բարձրաձայն լաց լինել:

[sharify]