ՆԵՌ

Պոեզիա > ԿԵՍ ԺԱՄԱՆԱԿ

Այո, թերևս Ստրավինսկի,

ասենք, որևէ հատված, «Ագոն» բալետից,

թեև ոմանք, համոզված եմ, աղմուկ են բարձրացնելու

և պահանջելու են բոլորովին ուրիշ հատված,

բոլորովին ուրիշ հեղինակից:

Ինչևէ: Լեփ-լեցուն դահլիճ, որտեղ սովորական

ծառեր են աճում, և շրջում են աշնանային հղի զամբիկներ,

որոնք մերթընդմերթ ծառս են լինում

և խրխնջում` անհայտ կենդանու ներկայությունից սահմռկած:

Այլևս ոչ մի արտառոց երևույթ: Ընդամենը մի փոքրիկ միջադեպ,

այն էլ շատ արագ հարթվեց`

հսկիչն արգելում էր դահլիճ մտնել

թաղման թափորներից մեկին, նկատելով, որ հանգուցյալն

առանց փողկապի է

և առանց պիջակի, ինչի անհրաժեշտությունը

զգուշացված էր նախօրոք: Եվ ամենուրեք աշխույժ ու

կենսախինդ մուրացկաններ` վխտում էին պատերին,

առաստաղին,

կսմթում էին դեսպանների թմբլիկ հետույքները,

բարձրացնում էին փեշերը նախարարների տիկնանց,

խլվլում էին հանգուցյալների ու երաժիշտների մազերի մեջ,

թևերի տակ, և ահա,

հանգուցյալները շուռումուռ են գալիս անընդհատ,

երաժիշտերը եռանդով քորվում են` գործիք ու երաժշտություն մոռացած…

Հատուկենտ ծափահարություններով ընդունվում է հանգուցյալների

բեմ բարձրանալու առաջարկը:

Սակայն լռությունը շարունակվում է,

հետզհետե դառնալով ավելի լարված ու տագնապալի…

Եվ ոչ ոք չնկատեց, թե ինչպես փոքրիկ ու սևազգեստ

մարդուկը, մատների մեջ փայտիկը խաղացնելով,

հայտնվեց բեմի վրա,

և, երբ լուսարձակները միանգամից հայտնաբերեցին նրան,

թվաց, թե նա գետնի տակից բարձրացավ վերև,

և կամ միգուցե ավելի խորքից.

– Այն ի՞նչն է, այն ինչը, – հարցրեց դիրիժորը,

փայտիկը մատների մեջ խաղացնելով

և խորամանկ ժպտալով,- Այն ի՞նչն է, այն ինչը՝

սկսվում է, բայց չի կրկնվում, ավարտվում է,

բայց չի վերջանում…

– Կյանքը, – միաբերան թնդաց քառաձայն երգչախումբը

հանգուցյալների:

– Մահը, – ներդաշնակ հնչեց պատասխանը նվագախմբի…

 

Այլևս ոչ մի արտառոց երևույթ:

Միայն մի փոքրիկ միջադեպ`

սևազգեստ ու փոքրիկ մարդուկն անհետացավ դահլիճում

խռնված բազմության մեջ, և բեմի վրա միայն

նրա խորամանկ ժպիտը մնաց

և փայտիկը,

որ խաղում էր հանգուցյալներից մեկի մատների մեջ:

[sharify]