ՆՈՐ ԱՐԹՆԱՑՈՒՄ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Թեթևորեն

Անցիր վերադարձող հոգիների միջով:

Կնճռոտված մարմիններ, որ ջուր են խմում՝

զգուշորեն հակված երբեք չնվազող գետակին:

Իմաստուն աչքերով մանուկներ –

մի քանի կյանք է սահել

ծերացած մատների արանքով:

Հնարավորի չափ ազատ տարածություն,

ուր դու պիտի քայլե

վերադարձող հոգիների միջով,

և խոտերը պիտի չզգան քո մարմնի ծանրությունը:

Բազեների նման բացուխուփ անելով թևերը,

անձայն սահում են թիթեռները,

շփոթված իրենց գույների առատությունից

և ընդհանրապես, ամեն ինչից շփոթված,

և գետակը, որի ջրերը երբեք չեն նվազում,

արտացոլում է իր մեջ աչքեր

զարմանալի հստակությամբ,

աչքեր, որ ոչ հարցեր են տալիս

և ոչ էլ պատասխան են որոնում

գարնանային մոլեգնած կատուների համառությամբ:

Ինչ-որ մի տեղ օրերը բացում և փակում են իրենց թևերը,

ինչ-որ մի տեղ սահում է իմ կյանքը

ծերացած մատների արանքով…

[sharify]