ՆՈՐ  ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Պոեզիա > ԿԵՍ ԺԱՄԱՆԱԿ

Նորից ավերակների քաղաքում… Վհատ ուրվականներ,

որոնք թափառում են խարխուլ ու փոշոտ երկնքի տակ:

Անխուսափելի հանդիպումներ հին ընկերների հետ,

շատերն առևտուր են անում,

բայց ինձ հետ խոսում են Վելասքեսի մասին:

Մեկն իր անձնական գրադարանն էր վաճառքի հանել,

և մայթի բազրիքին շարած գրքերի արանքում

չհասցրեց թաքցնել` տեսա նաև իմ գրքերը,

որոնք ժամանակին նվիրել էի նրան…

Բացեցի առաջին էջերը. խունացած մակագրություններ,

ծանոթ ձեռագրով.

«Հարազատ ընկերոջս… սիրով` Հովհ. Գրիգորյան»…

Գոնե սրանք ջնջեիր…  Մեղավոր ժպտաց. «Չէ,- ասաց,-

այդպես ավելի լավ են վաճառվում…»

…Յոթվերքից տարածվեցին ղողանջներն իրիկնամուտի

և ես գնացի թափառելու փողոցներով,

ցատկոտելով գերեզմանաքարերի արանքում,

և բոլոր շիրմաքարերի վրա մակագրված էին.

«Հարազատ ընկերներիս…

սիրով` Հովհ. Գրիգորյան…»:

[sharify]