Կար մի ժամանակ, երբ դու էլ էիր հեշտ ապրում
և սիրում էիր խոսել երկար ու գեղեցիկ,
և նույնիսկ պատրաստվում էիր մեռնել
շքեղ կահույքով լեփ – լեցուն
լուսավոր սենյակներից որևէ մեկում,
անթերի զուգարանի հարևանությամբ:
Եվ քեզ ծանոթ քաղաքի
ետ ընկած փողոցներից մեկում
դու հրաժեշտ տվեցիր քո սիրելի մարդկանց
և ուշքի եկար միայն այն պահին,
երբ հսկայական պայուսակը ձեռքիդ
մենակ կանգնած մնացիր
բոլորովին անծանոթ քաղաքի ուղիղ կենտրոնում:
…Տարիներն անցնում են,
իսկ դու դեռ կանգնած ես այնտեղ
ու սիրալիր ժպտում ես անցող – դարձող մարդկանց:
Քո հսկայական պայուսակը
վաղուց մաշվել – փոշիացել է,
և քո սիրելի մարդիկ
վաղուց, շատ վաղուց էլ չկան:
Իսկ դու դեռ կանգնած ես այնտեղ,
ու տարիներն անցնում են…
Բայց երբ փողոցներն ամայանում են,
դու փորձում ես հոգնած ձևանալ
ու երեխայի նման հրճվում ես,
երբ քեզ դեռ հաջողվում է մատներդ շարժել,
աչքերդ թարթել,
իսկ եթե հանկարծ շնչելն է ստացվում
դու գլուխդ կորցնում ես անհնարին ցնծությունից…
…Այս պատմությունը դեռևս ոչ մի տեղ չի գրված:
Իսկ դու շարունակում ես խոսել երկար ու գեղեցիկ`
լուսավոր սենյակների, շքեղ կահույքի
և, վերջ ի վերջո, հեշտ կյանքի մասին,
որը դեռ չես ապրել…