ՇՐՋԱՆԱԿ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Փայտյա հասարակ շրջանակի մեջ պարզ երևում է

հայացքդ մարած, գլուխդ թեքած աջ ուսիդ վրա,

ցանցառ մորուքդ՝ արդեն ճերմակող,

մագաղաթագույն դեմքդ անլվա: Խելառ Սարգիսը,

խելառ Սարգիսը – և ոտաբոբիկ երեխաների բազմությունն ահա

ճիչ ու աղմուկով վազեց փողոցով –

սակայն տխուր է հայացքդ մարած, ոչ ոք չգիտի՝

երրորդ գիշերն է, որ դու չես քնում,

երրորդ գիշերն է՝ սատկել է կատուդ՝ ընկերդ միակ,

և գաղտագողի թաղել ես նրան

քաղաքային մեծ այգու անկյունում,

երրորդ գիշերն է, որ դու ջրում ես գերեզմանն առատ,

փխրեցնում հողը, մաքրում քարերից, մոլախոտերից

և կողքին նստած սպասում ես լուռ, թե արդյոք երբ է

դուրս գալու ծիլը քո կատվածառի…

Հուսով նայում էիր երկնքին խավար,

և կրկնում էին շուրթերդ ակամա՝

եթե գարունը անձրևոտ լինի,

եթե ամառը լինի արևոտ,

եթե աշունը բարեսիրտ լինի

եթե ձմռանը առատ ձյուն տեղա…

Խելառ Սարգիսը, խելառ Սարգիսը – և ոտաբոբիկ

երեխաների բազմությունն ահա անցավ փողոցով,

և գիշերն իջավ՝ երկու ձեռքերով հենվեց տաք հողին,

իսկ դու չես հոգնել՝ թեև հայացքդ մարած է լրիվ,

նստել ես ինչ-որ դարպասի կողքի,

գլուխդ թեքած աջ ուսիդ վրա…

Ու հանկարծ տեսար՝ ինչ-որ տեղ մութը ավելի էր մութ,

և այդ մութի մեջ երկու կանաչ կետ, լուսավոր կանաչ,

մերթ մոտենում էին ու մերթ հեռանում,

և քո մարմինը ձգվեց, վեր ելավ,

և սրտապատառ վազում էիր արդեն քաղաքային մեծ

այգու ուղղությամբ, և հենց դռանն մոտ քեզ դիմավորեց

Կապույտ Դանուբի ալիքն առաջին,

և թաքնվելով մթնում խտացած ստվերների մեջ, առաջ գնացիր.

թփերի միջից երևում էին պարզ վալսի ներդաշնակ

տակտով զբոսնող քայլքը զույգերի՝

ինչ հրաշալի տեսարան էր դա – այրեր պատվարժան,

և զինվորական նվագախմբի գործիքների պես

պսպղում էին մաքուր սափրված այտերը նրանց,

իսկ ճարմանդները, կոճակներն հապա…

Եվ տիկնայք փարթամ, լիքը կրծքերով, ադամանդների, ոսկյա –

արծաթյա գոտիների ու մատանիների, ժանյակ – շղթայի,

ապարանջանի, ականջօղերի սահուն – շարժական մի ցուցահանդես՝

ինչ հրաշալի տեսարան էր դա, անցնում էին հպարտ՝

տատեր-պապերի, աղջիկ – հարսների և փեսաների իրար սեղմված

շարքերն համերաշխ, բոլորը խմբով, բոլորն ուս-ուսի,

միայն դու մենակ, ցանցառ մորուքով,

գլուխդ թեքած աջ ուսիդ վրա, մարած հայացքով,

թփերի միջից նայում էիր նրանց, և ձեռքդ ակամա

թաց գերեզմանն էր շոյում քո միակ, մեռած ընկերոջդ,

և կրկնում էին շուրթերդ ակամա.

եթե գարունը անձրևոտ լինի,

եթե ամառը լինի արևոտ,

եթե աշունը բարեսիրտ լինի,

եթե ձմռանը առատ ձյուն տեղա…

 

[sharify]