ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՅՍ ՄԱՐԴԻԿ…

Պոեզիա > ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Ովքե՞ր են այս մարդիկ – տարակուսանքով նայում ես

կրպակի պատուհաններից համառորեն ժպտացող

կինոաստղերի մաքուր սափրված այտերին, և սքանչելի

ատամնաշարերը բացած գեղեցիկ կանանց, որոնք,

միգուցե, վաղուց են ծերացել:

Խանութների ցուցափեղկերում մանեկեններն անցկացնում են

հերթական գիշերը, անշարժ կանգնած նույն դիրքով`

Ղովտի կնոջ նման: Մանեկենները: Ահա, մի նոր

խոսակցության սկիզբ, որը հասունանում է ինչպես

անապատի բույս, հասունանում է դանդաղ` ուղտի բրդից

դանդաղ, և սևեռուն, ինչպես գաղափարը պատերազմի –

ուղեղներում միաբջիջ: Մանեկենները: Փառահեղ կրծքավանդակներում մի-մի փայտփորիկ կտցահարում են

վերջին միջատները կասկածների, և շարժիչի միալար

բվվոցով նրանց շուրջբոլորը հուսահատ պտույտներ են

գործում անմահ հոգիները, որոնք ոչ կարողանում են հեռանալ

և ոչ էլ` մոտենալ, մի նոր կյանքի խոստումով –

հուսահատ բվվոցով պտտվում են հոգիները

արհեստական ծաղիկների չխամրող գույներից խաբված

մեղուների պես:  Զարմանալի գետեր են հոսում

գիշերային քաղաքի փողոցներով, և ձուկ են որսում

բոլորը, ովքեր արթուն են այս գիշեր, և ձուկ են

տեսնում երազում, ովքեր քնած են արդեն:  Ահա,

մի նոր խոսակցության սկիզբ: Ահա, մանեկենները

մինչև ծնկները կանգնած դանդաղ հոսող ջրերի մեջ,

բարձր պահած ձեռքերի մեջ վերջին ձուկը,

որ թպրտում է հուսահատ, ինչպես կյանքը, որ գուցե,

թե մի օր մարի, և բարալիկ ծլնգոցով կկտրվի

զսպանակը փայտփորիկի փայտե փորիկում

և կանշարժանա վերջին գիշերվա մեջ,

և ուղտի բրդի պես կփշաքաղվեն ժպիտները`

կինոաստղերի մաքուր սափրված այտերին:

[sharify]