ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՅՍ ՄԱՐԴԻԿ…

Պոեզիա > ԿԵՍ ԺԱՄԱՆԱԿ

Ովքե՞ր են այս մարդիկ –

տարակուսանքով նայում ես կրպակի պատուհաններից

համառորեն ժպտացող կինոաստղերի

մաքուր սափրված դեմքերին

և սքանչելի ատամնաշարերը բացած գեղեցիկ կանանց,

որոնք, միգուցե, վաղուց են ծերացել:

Մանեկեններն խանութների ցուցափեղկերում

անցկացնում են հերթական գիշերը,

անշարժ կանգնած նույն դիրքով` Ղովտի կնոջ նման:

Մանեկենները: Ահա, մի նոր խոսակցության սկիզբ,

որը հասունանում է ինչպես անապատի բույս,

հասունանում է դանդաղ` ուղտի բրդից դանդաղ,

և սևեռուն, ինչպես գաղափարը պատերազմի –

ուղեղներում միաբջիջ:

Մանեկենները: Փառահեղ կրծքավանդակներում

մի-մի փայտփորիկ կտցահարում են

վերջին միջատները կասկածների,

և շարժիչի միալար բվվոցով նրանց շուրջբոլորը

հուսահատ պտույտներ են գործում անմահ հոգիները,

որոնք ոչ կարողանում են հեռանալ

և ոչ էլ` մոտենալ, մի նոր կյանքի խոստումով –

հուսահատ բվվոցով պտտվում են հոգիները

արհեստական ծաղիկների չխամրող գույներից

խաբված մեղուների պես:

Զարմանալի գետեր են հոսում

գիշերային քաղաքի փողոցներով,

և ձուկ են որսում կատուները քրտինքի մեջ կորած,

և ձուկ են որսում բոլորը, ովքեր արթուն են այս գիշեր,

և ձուկ են տեսնում երազում, ովքեր քնած են արդեն:

Ահա,

մի նոր խոսակցության սկիզբ: Ահա, մանեկենները

մինչև ծնկները կանգնած դանդաղ հոսող ջրերի մեջ,

բարձր պահած ձեռքերի մեջ վերջին ձուկը,

որ թպրտում է հուսահատ, ինչպես կյանքը,

որ գուցե, թե մի օր մարի, և բարալիկ ծլնգոցով

կկտրվի զսպանակը փայտփորիկի փայտե փորիկում

և կանշարժանա վերջին գիշերվա մեջ,

և ուղտի բրդի պես կփշաքաղվեն

ժպիտները`

կինոաստղերի մաքուր սափրված դեմքերին:

[sharify]