ՉԳԻՏԵՍԹԵԻՆՉ-2

Պոեզիա > ԵՐԿՈՒ ՋՐՀԵՂԵՂԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում,

և ինչքան շատ են թշվառ ու խեղճ,

այնքան ավելի շատ են հայրենիք:

Իսկ զորեղ և հարուստ երկրները սովորաբար կոչվում են

անունով, ասենք` Անգլիա կամ Միացյալ Նահանգներ,

և սովորաբար ոչ ոք չի մեռնում նրանց կարոտից

և հալումաշ լինում` ախ, իմ թշվառ հայրենիք, կանչելով,

այլ, ցանկության դեպքում, սովորաբար տոմսեր են պատվիրում

ցանկացած ժամի ու մեկնում են իրենց երկիր, սովորաբար

թերթ կարդալով և կամ սուրճ խմելով…

 

Հայրենիքները սովորաբար հեռու են լինում,

քարքարոտ ու անտերանոց մի տեղ, Աստուծու աչքից հեռու․

սպասման մեջ պիտի բազում օրեր քնես ու զարթնես

լքված ու անհրապույր կայարանների չորչորուկ աթոռների վրա,

և ապա, մեծ հաջողության դեպքում` ճանապարհ պիտի ընկնես

անսպասելի ու անպատեհ մի ժամի, սովորաբար խորը գիշերով,

իրար վրա թափված բազմության մեջ կորցնելով ոտիդ և շատ

հաճախ նաև գլխիդ տեղը, և տեղ հասնես սովորաբար դարձյալ

գիշերվա անհայտ մի ժամի, որպեսզի այնուհետև ճանապարհի մյուս կեսը

անցնես քայլելով` տեղ-տեղ պիտի բարձունքներ հաղթահարես,

կառչելով ծերպերից ժայռերի, տեղ-տեղ չոքեչոք

ու սողեսող գնաս` ճակատդ անձավների սուր ելուստներին

չխփելու համար, տեղ-տեղ ձորերը պիտի մտնես, ուր հնարավոր չէ

իջնել առանց պարանի օգնության…

 

Հայրենի տները սովորաբար կիսաքանդ են լինում` ի՞նչ իմաստ ունի

վերակառուցելը, միևնույն է, նորից քանդվելու է հերթական

երկրաշարժից և կամ առօրյա ռմբակոծությունից հետո…

Կիսաքանդ տներ` բերնեբերան լցված հիվանդ պառավներով,

անմարդ կնանիքով և փոշեկոլոլ տղամարդկանցով, որոնց կյանքի

մի կեսը բանտերում է անցնում, մյուս կեսը օտարության մեջ

և կամ հիվանդանոցներում և որտեղից այլևս չկա ուրիշ ճանապարհ

գերեզմանոց տանողից բացի…

 

Հայրենիքում տարին սովորաբար մի եղանակ է ունենում`

ցուրտ, դաժան ձմեռ, որ վերջանում է քեզ հետ միասին,

և հետո, տարբեր ինչ-որ կարճ շրջան, որը լցված է

ձմռան սպասման տագնապ ու վախով…

 

Հայրենիքներում օրը սովորաբար մի ժամ է ունենում`

գիշերվա մի ժամ, որը 24 ժամ է տևում սովորաբար…

 

Հայրենիքն այնտեղ է, ուր խռմփոց է լսվում և կամ

քնելուց զզված երեխայի լաց… Բոլորն են քնած.

դերասանը բեմի վրա, երաժիշտն իր գործիքը գրկած,

պաշտոնյաները աթոռին նստած, և միտինգներում

հռետորներն են քնած` միկրոֆոններից, ապահովության համար,

ամուր, պինդ կառչած…

Հայրենիքները, ահա թե ինչու, երազներով ու երազանքներով են

բերնեբերան լցված… Բոլորն են քնած:

Սակայն ճիշտն այն է, որ սովորաբար

նախ հայրենիք են լինում սկզբում և հետո միայն,

ժամանակներ անց- դառնում են

երկիր: Երևի թե

բոլորն անխտիր:

[sharify]