Ինչ հրաշալի տեսարան – ձի հեծած շրջել քաղաքի փողոցներով
վիթխարի թուրը կողքիցդ կախած՝ ծայրը կայծեր է արձակում
քսվելով ասֆալտին… Ամենուրեք Պոնտացի Պիղատոսի
պատկերներն են՝ բոլոր շենքերի բոլոր պատերին, բոլոր
ամպերին ու բոլոր լեջներին… Նախընտրական ժպիտը դեմքին,
առաջին պլանում ձեռքերը՝ մաքուր լվացած…
Գնեցեք այսօրվա թերթերը,-
կանչում է կիսամերկ, գզգզված մազերով մի տղա՝ ճարպկորեն
ցատկոտելով ծառերի ճյուղից ճյուղ,- գնեցեք և կարդացեք՝
վաճառվում է «Հուդա ընդ քամփընի» ապահովագրական
գործակալությունը ընդամենը 30 արծաթ վայրկյանին կապիտալով…
Այս ի՞նչ ես արել,- հուսահատված ձեռքը ծնկին խփեց Լյուդովիկոս 14-րդը,
տեսնելով իր սիրելի կապիկին ոտից գլուխ
սափրված… Դու տեսե՞լ ես քեզ հայելու մեջ, հարցնում եմ
նորից ու նորից, դու ընդհանրապես տեսե՞լ ես, թե ինչ է
կատարվում աշխարհում և դեռ ավելի հեռու… Եվ դո՞ւ Բրուտոս,-
զարմանքով հարցրեց Կեսարը՝ տեսնելով նրան ոտից գլուխ
սափրված,- գոնե դու իմանայիր, թե ինչ է կատարվում
աշխարհում և դեռ ավելի հեռու…
… Իսկ ավելի հեռվում մանկության ավերված քաղաքն է,
փլատակների մեջ կանգուն մնացած մի պատ,
անձրևից ու քամուց խունացած մի նկար
ինչ-որ ամսագրի էջից պոկած՝
վիթխարի թրով հեծյալը և վաղուց արդեն անշարժ ձին՝
գլուխը գետին խոնարհած: Իսկ ձիու ոտքերի տակ
անվարժ ձեռագրով՝ «Մամ, դասերս սովորել եմ,
գնում եմ մի քիչ խաղամ…»: