Նոր տիկնիկ էր նվիրել
տատը մի օր Սոնային.
մազերը շեկ ու կոկիկ,
հագին՝ պսպղուն կոշիկ,
ի՜նչ սիրուն էր, ի՜նչ սիրուն,
կապույտ աչքեր, փայլփլուն,
բա ինչպե՜ս էր հագնված,
կոճակն ինչպես էր կարված,
շորերն ինչպես էին սազում –
աչքդ կտրել չէիր ուզում:
Տիկնիկն առած թևի տակ
Սոնան իսկույն թռավ բակ:
Չանցած մի ժամ, թե ինչքան,
տիկնիկի հետ տուն եկավ:
Բայց այս ի՞նչ է կատարվել,
փոշոտվել է, կեղտոտվել,
կոճակները կտրված,
շեկ մազերրը խառնված,
ի՜նչ փայլ, ի՜նչ շեկ, ի՜նչ կոկիկ,
էլ ի՜նչ պսպղուն կոշիկ…
Իսկ Սոնան էլ զայրացած,
տատին մոտեցավ, ասաց.
– Քիչ գործ ունեի՞, ա՛յ տատի,
բերիր տիկնիկն այս փնթի,
անվերջ խաղալ է ուզում,
ցեխերի մեջ վազվզում:
Հանկարծ տեսնի մի խեղճ շուն,
հասնում պոչից է քաշում,
կանչում եմ, տուն չի գալիս,
տեսնեիք, թե ո՜նց էր լալիս..
մինչև սրան մեծացնեմ,
տատի, կընկնեմ ես հալից…