Ես հիմա հետզհետե մեռնում եմ քո սիրուց,
որովհետև քո սերը հետզհետե մեռնում է իմ մեջ:
Հիմա այնքան կարևոր գործեր կան,
այնքան կարևոր հոգսեր:
Եվ որտեղի՞ց ժամանակ գտնեմ
նստելու ծովի ափին,
նայելու ալիքների խաղին, որոնք երևի նախկինի նման
մեկ խփվում են ափին,
մեկ գլորվում են ետ,
որտեղի՞ց ժամանակ գտնեմ նայելու լուսնի դեմքին,
որը մի դեպքում արցունքի կաթիլ է,
մեկ՝ կարոտով սպասող աչք
և շատ ավելի հաճախ՝ հավերժական վկա՝
բաժանումների, սիրո, հանդիպումների, մոռացության:
Սիրելիս,
դու հիմա մի հերթական անուն ես՝
գրված իմ օրացույցի թերթիկին
և կողքին՝ հեռախոսիդ համարը,
մի քիչ վերև՝ ինչ-որ գրասենյակի համար,
մի քիչ ներքև՝ մի հեռավոր բարեկամի, որի տղան
այրվում է որևէ բուհում սովորելու ցանկությունից…
Սիրելիս, ես հիմա մտազբաղ նայում եմ օրացույցին,
հոգոց եմ քաշում և նայում եմ նորից
և հետո վերցնում եմ ինքնահոսը
և գրասենյակի կողքին գրում եմ՝ հարկավոր է զանգել,
հեռավոր բարեկամիս կողքին՝ հարկավոր է հետաքրքրվել,
իսկ քո անվան կողքին գրում եմ՝ հարկավոր է սիրել
և երկու հաստ գիծ եմ քաշում այդ բառերի տակ…