ՍՖԻՆՔՍ

Պոեզիա > ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Երկիր մոլորակը հայտնաբերած առաջին ջրիմուռը,

որ շրջում էր տիեզերքով, չհասցրեց հիանալ

ոչ մայրամուտների տրտում գեղեցկությամբ և ոչ էլ

լուսաբացով, որը նույնն է, ինչ նախերգանքը

ցանկացած սիմֆոնիկ ստեղծագործության համար:

Ապրողների մեջ առաջինը Սֆինքսն էր, որն այլևս

չուզեց ճանապարհորդել և խարիսխ նետեց

ավազոտ օվկիանոսում: Ճամպրուկներս հյուրանոցում

տեղավորելուց հետո շտապեցի նրա մոտ, չհասցնելով

ողջունել և անգամ հրաժեշտ տալ նրանց, ովքեր

ուղեկցում էին ինձ և կամ հանդիպում էին

խաչմերուկներն անցնելիս: Ես կանգնած էի քո առաջ,

և վերջապես տեսա աշխարհի ամենածանր

լռությունը` խրված ավազների անսահման

համբերության մեջ,

ես – ընդամենը մի ակնթարթ,

ես – սովորական մի ջրիմուռ, որ թափառում եմ անվերջ

հյուրանոցից-հյուրանոց, չհասցնելով հիանալ ոչ

մայրամուտի գեղեցկությամբ և ոչ էլ լուսաբացով,

որն ընդամենը նախերգանքն է, իսկ լռությունը

հաջորդում է առավել հանդիսավոր պայմաններում:

 

Մեռնողների մեջ առաջինը Սֆինքսն էր, որի

նախերգանքը շարունակվում է լռությունից հետո:

[sharify]