ՎԱՂՈՒՑ

Պոեզիա > ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Հնավաճառից գնեցի այս գիրքը, որը հիմա

կարդում եմ: Հեղինակը մեռել է վաղուց: Եվ բոլոր

նրանք, ովքեր գրքի էջերում վազվզում են,

քայլում, քնում-արթնանում, մենամարտում,

դավաճանում, սիրում են և հետո` էլի ու էլի են

դավաճանում, մեռել են շատ ավելի վաղուց,

որովհետև գրքում ծավալված իրադարձությունները

վերցված են վաղ միջնադարից: Կասկածից վեր է,

որ վաղուց այն աշխարհ են տեղափոխվել նաև

գրքի հրատարակիչները, անշուշտ, խմբագիրը,

սրբագրիչը, նկարիչը նույնպես, մի խոսքով, բոլոր

նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են այս գրքին,

որովհետև այն լույս աշխարհ է եկել ինձանից երկու

հարյուր տարի առաջ, իսկ մարդը, մանավանդ, եթե

գործ ունի գրչի և գրքի հետ, հազիվ թե մի 60-70 տարի

ապրի:Չմոռանամ նշել, որ հանգուցյալների թվին է

պատկանում նաև «Առաջաբանի» հեղինակը,

որն անձամբ ծանոթ է եղել գրքի հեղինակին

և առաջաբանը գրել է վերջինիս մահվան առիթով…

Եվ ես, որ դեռևս ապրողների մեջ եմ, կարդում եմ

այս գիրքն ու զարմանում… Ինչպե՞ս է ապրում

այս գիրքը` բերնեբերան լցված մեռելներով…

[sharify]