ՎԵՐՋԻՆ  ԴՈՒԲԼԸ   

Պոեզիա > ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Փառքդ շատ, Տեր ամենազոր – աչքերս երկինք հառած

աղոթեցի թեթևացած` վերջապես հաղթահարելով

20- րդ դարի ամենահանճարեղ սկանվորդը` «Ուլիսը»

և Ջոյսն արագորեն ծերացավ և խամրեց աչքիս առաջ:

Չգիտեմ, ո՞ր մի մեղքիս համար` զանազան հեռախոսա-

համարների, ազգական-բարեկամների, նախարարների

ու ԱԺ պատգամավորների հետ մինչ ի մահ պիտի հետս

քարշ տամ նաև Ստիվեն Դեդալին, որը նույն ինքը Տելեմաքն է,

Լեոպոլդ Բլումին, որպես Ոդիսևս, Բլումի կնոջն առ այն,

որ նա Կալիպսոն է, որն ինչպես հայտնի է, կաշկանդել էր

Ոդիսևսին միայն Հոմերոսին հայտնի պատճառներով…

 

Հրաշալի՜ է – ոսկրոտ մատները շրխկացնելով գոռաց

ռեժիսորը – ևս մի դուբլ:

 

Զա՜րկ տանք գյուղատնտեսությանը և ժամանակին տեղափոխենք

պարարտանյութը սեփականաշնորհված դաշտեր, պայքարե՜նք

աղքատության դեմ` անխնա կոտորելով բոլոր աղքատներին

և կրծենք դասական գրականության գրանիտը իսկական,

և ինչո՞ւ չէ, նաև արհեստական ատամներով, որոնենք

ճշմարտությունը բոկոտն իմաստունների մագաղաթներում,

և հավերժական հարցերի ժամանակավոր պատասխանները

գտնենք դասականների հաստափոր ֆոլիանտներում, սրտի

խորը կսկիծով հայտնաբերելով դրանց խամրած էջերի

արանքում սատկած միջատների` բնության հարազատ

զավակներին, որոնք, հավանաբար, սատկել են ձանձրույթից`

սերտորեն առնչվելով դասականներին, այլապես ի՞նչն էր

խանգարել նրանց` թռչել Աստծու  պարգևած թևերով և կամ`

զոռ տալ բազում ոտ ու ոտիկներին և զվարճանալ այնտեղ,

ուր դաֆոդիլների նման կազինոներն են աճել անբնական

փարթամությամբ` մոգական լույսեր արձակելով գիշերվա

անթափանց խավարի մեջ…

 

Հրաշալի՜ է, – ոսկրոտ մատները շրխկացնելով գոռաց

ռեժիսորը, – ևս մի դուբլ:

 

Եվ ամենակարևորը` չմոռանա՜նք վիթխարի ակվարիում դնել

սրահի ամենակենտրոնում, աչքի ընկնող մի տեղ` տկլոր

կանանցով, որոնք թեև լողալ չգիտեն, բայց խիստ ախորժելի են

հոգու և հատկապես մարմնի համար, ի լրումն` ևս մի

հրաշալի տեսարան – սուրը մերկացրած Համլետն է

վազվզում  ջրիմուռների և տկլոր կանանց արանքով`

Կլավդիոսի ետևից, և ապա երկուսով հանկարծակի

շեղվում են տեքստից, տեսնելով, թե ինչպես է Օթելլոն

հմտորեն կիրառում անվտանգ սեքսն առաջին իսկ

պատահած Դեզդեմոնայի հետ և ապա`  ասեղնագործ թաշկինակով, ամենայն մանրամասնությամբ սրբելով

քրտնած մարմնի ժրաջան անդամները` շեշտված

անփութությամբ, այնուհետև, ճմրթված թաշկինակը

նետում է հրճվանքից նվաղած ընթերցողների բազմությանը…

 

Վերջի՜ն դուբլ, – կռնչում է հիացմունքից ցնորված

ռեժիսորը, ոսկրոտ մատները շրխկացնելով,- վերջի՜ն դուբլ…

[sharify]