Ձմեռն իր թատերաշրջանն ավարտում է
չոր ու արևոտ օրերով:
Առնո՞ւմ ես, թե՞ ծախում – այս հարցերն են թևածում
փողոցներում, հրապարակներում, խաչմերուկներում
ալեկոծվող մարդկանց հոծ բազմության գլխավերևում:
Մարդու Որդին անցավ` կքված
գերանակապ վիթխարի խաչի տակ:
– Հրաշալի փայտ է,- գնահատեցին անմիջապես,-
առնո՞ւմ ես, թե՞ ծախում…
– Փոխում եմ ձեր հոգու փրկության հետ,- եղավ պատասխանը:
Ահա, մի ուղղափառ լեզվաբան-գրաքննադատ`
նոր ուղղագրությունն է վաճառում.- Էժան կտամ,
ընդհամենը երեսուն արծաթով` դրամի կուրսով արտահայտված:
Ինչ-որ մեկի ձեռքին ճերմակ ձնծաղիկը հանկարծ պլպլաց
նորածին տարվա կաթնատամի նման:
Մոտերքում, երևի մի երկու փողոց այն կողմ
արդեն գարուն է
և փետրվարի կարճլիկ սանդուղքով
շնչակտուր մագլցում է մի ամբողջ ժողովուրդ`
դեսուդեն նետելով վերարկուները ծանրումեծ,
մորթե փափախներն ու բրդե ձեռնոցները տնայնագործ…
Իսկ մետրոյի հենց մուտքի առաջ, պատի տակ
կողք կողքի շարված էին 12 ձկնորս`
երևի մեռած ձկներ էին վաճառում, դեռևս կենդանի մարդկանց…
– Առնո՞ւմ եք, թե՞ վաճառում,- հարցրեցի նրանցից մեկին:
– Նայած երբ և ով,- ասաց ձկնորսն ու
խորամանկ ժպտաց: