Եվ ռիթմը խփում է քունքիդ արյան շատրվանի
նման,
քեզ ասում են, – օ՜, ինչքան ես գեղեցկանում
անհուսորեն տառապելիս:
Ճաշակով հագնված կանանց համաչափ
ծափահարության ներքո
դու թաշկինակներ ես նետում բոլոր բաց
պատուհաններից ներս
և ծաղիկների թերթերից թափվում է դիալոգի
հեղեղը:
Եվ ռիթմը ողողում է դեմքդ ցավի հետ հյուսված:
Ամուր սեղմվում են շուրթերն իրար
և ատամները նույնպես սեղմվում են իրար
ամուր,
այնքան ամուր, որ փակ աչքերի առաջ
նախ կլոր օղակներ են հայտնվում,
և հետո ճերմակ աղավնիներ՝ կտուցների մեջ
ծաղկած աֆորիզմներ պահած:
Հրաշալի է կեղծ ռոմանսի այս սուտ երեկոն:
Լապտերների մեջ հարմար տեղավորվում են
հրեշտակները,
ծալում են թևերը և աչքի տակով նայում են
այգիներում համբուրվող զույգերին,
և իբր թե անտարբեր հորանջում են բնականին
չափազանց նման:
Հիանալի է հմուտ կազմակերպված դեպքերի
հաջորդականությունը,
երբ արևին փոխարինում է լուսինը
և պայծառ լուսավորված
դահլիճներում
մի խումբ մարդիկ համերաշխ նստած իրար կողք
զննում են մարդկանց մեկ ուրիշ, փոքր խմբի,
իսկ երբեմն էլ նույնիսկ մի մարդու
և ծափահարում են ու աղմկում մերթ ընդ մերթ
ներվայնացած, հիացած, հուզված,
ջղայնացած:
Իսկ ռիթմը կամաց-կամաց իջնում է կոկորդովդ
ներքև,
և դու անփույթ ու արտիստիկ շարժումներով
ձեռքդ սեղմում ես սրտիդ,
գլուխդ ետ ես գցում և աչքերդ
հառում վերև
և հանկարծ լապտերի միջից
կինը շեշտակի բարձրացնում է
հայացքը,
և հեռվից լսվում են
ուշացած մեքենաների խորհրդավոր
շչակները:
Եվ հանկարծ ոտքերդ ծալվում են,
որովհետև ռիթմը արդեն քո ողջ մարմինն է
ցնցում
ու դու անզոր ես ու խեղճ նրան դիմադրելու
համար:
Հենց այդ պահին դանդաղ բացվում է դուռը
և ներս է մտնում նա,
որի այցելությունը սկզբում և միշտ
տարօրինակ է թվում քեզ համար: