Մինչ կարապները վերջին երգ երգելով բազմացան
ու լցրեցին աշխարհը եղերական փետրավորներով,
դինոզավրերը լռելյայն վերացան առանց երգ ու նվվոցի,
ինչպես իսկական տղամարդուն է վայել` լեզուն
ատամների տակ ամուր սեղմած:
Ամառ-ձմեռ սև կոստյումներով անթրաշ քեռիներս
իրար ետևից հեռացան այս աշխարհից: Առաջինը
հայրս և ապա հորեղբայրներս /ամառ-ձմեռ սև
կոստյումներով, անթրաշ/ հեռացան: Ամեն շաբաթ
մորս հետ եկեղեցի գնալիս տեսնում էի նրան`
կարապի երկար – բարակ վզով ու կտուցի պես
ցցված դնչով, սև ակնոցներով կույր ծերունուն,
որ գավազանը սալահատակին թխթխկացնելով
անցնում էր զարմանալիորեն արագ ու անսայթաք
քայլվածքով:
Հեռավոր ազգական է հորդ կողմից, հորիցդ շատ մեծ է,
բայց տեսնո՞ւմ ես ինչ աշխույժ է մեռածը,- ամեն
հանդիպելիս հիշեցնում էր մայրս, հենց այդ պահին
թողնելով ձեռքս, սև ռեդիկյուլի ծալքերում թաշկինակը
որոնելու նպատակով: Թաշկինակը սովորաբար
չէր գտնում, բայց գտնում էր քթախոտը և մի պտղունց
քաշելով քիթը, շարունակում էինք քայլել, և ամբողջ
ճանապարհին մայրս փռշտում էր: – Չարը խափանվեց,-
բարձրաձայն կրկնելով ու խաչակնքելով երեսը:
Հայրդ ինձ մի ռուբլի է պարտք,- եկեղեցու շեմին
թևիցս քաշեց կույրը, երբ արդեն անցել էր հազար տարի`
ռուբլին վերացել էր, իսկ ես մնացել էի բոլորովին մենակ
ավերված քաղաքի փլատակների մեջ: Ես նրան շատ
ավելին տվեցի և փորձեցի հեռանալ, իսկ նա արագորեն
գրպանեց թղթադրամն ու թեև կույր էր, զգաց, որ
հեռանում եմ.
Միևնույն է, հայրդ ինձ մի ռուբլի է պարտք,
և դու էլ ես պարտք և քո զավակների զավակները…-
Ես գլուխս քաշեցի ուսերիս մեջ և արագացրի քայլերս…
Դուք բոլորդ էլ ինձ պարտք եք,- գոռում էր կույրը
գավազանը թափահարելով օդի մեջ:
Եվ ավերված քաղաքի միակ կարապը, որ անշարժ
նստած էր զանգակատան գլխին, դժկամորեն բացեց
աչքերն աղմուկից արթնացած և հանկարծակի սկսեց
իրար ետևից փռշտալ` ամբողջ մարմնով ցնցվելով…
Չարը խափանվեց, – առանց ետ նայելու երեսս
խաչակնքեցի, արագացրի քայլերս առանց ետ նայելու: