Ձմեռն իր թատերաշրջանն ավարտում է չոր ու
արևոտ օրերով: Առնո՞ւմ ես, թե՞ ծախում – այս
հարցերն են թևածում փողոցներում, հրապարակ-
ներում, խաչմերուկներում ալեկոծվող մարդկանց
հոծ բազմության գլխավերևում: Մարդու Որդին
անցավ` կքված գերանակապ վիթխարի խաչի տակ:
Հրաշալի փայտ է,- գնահատեցին անմիջապես,-
առնո՞ւմ ես, թե՞ ծախում…
Փոխում եմ ձեր հոգու փրկության հետ,- եղավ
պատասխանը:- Ահա, մի ուղղափառ լեզվաբան-
գրաքննադատ` վարձով պաշտպանում է հին ու
նոր ուղղագրությունները – նայած ով կտա ավելի…
իսկ ընդհանրապես` երեսուն արծաթով` դրամի
կուրսով արտահայտված: Ինչ-որ մեկի ձեռքին
հանկարծ պլպլաց ճերմակ ձնծաղիկը` նորածին
տարվա կաթնատամի նման: Մոտերքում, երևի
մի երկու փողոց այն կողմ արդեն գարուն է և
փետրվարի կարճլիկ սանդուղքով շնչակտուր
մագլցում է մի ամբողջ ժողովուրդ` դեսուդեն
նետելով վերարկուները ծանրումեծ, մորթե
փափախներն ու բրդե ձեռնոցները տնայնագործ…
Իսկ մետրոյի հենց մուտքի առաջ, պատի տակ
կողք-կողքի շարված էր 12 ձկնորս` երևի մեռած
ձկներ էին վաճառում, դեռևս կենդանի մարդկանց…
Առնո՞ւմ եք, թե՞ վաճառում,- հարցրեցի, իբր անտեղյակ:
Առնում ենք և վաճառում, – կենդանի ժպտաց
երևի ձկնորսը դեռևս մեռած մարդկանց…