ԱՀԱ ՀԵՌՈՒ ԵՎՐՈՊԱՆ

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

***

… Ահա հեռու Եվրոպան: Լույսը, որ մեկ նվազում է
և մեկ էլ՝ պայծառանում,
հիվանդի թույլ սրտի անհավասար բաբախյունի նման:
Ահա ձեռքերս արյունոտված և ոտքերս քրքրված՝
դժվար է ճանապարհն այս լեռների ու քարերի միջով,
ուր գայլերն են հետապնդում որսորդներին
և դարանակալ սպասում են՝ քերծերի հետևում
և փոսերի մեջ ապահով թաքնված:
Ուր ծառերը գլխիվայր են աճում՝ արմատները
երկինք պարզած և պտուղները
հողի մեջ, ինչ-որ տեղ, խորքերում,
իսկ գետերը հոսում են լեռն ի վեր
և հանգստանում են միայն հասնելով
ամենա-ամենաբարձր գագաթին…
Ուր մարդիկ ծնվում են ծերացած
և ապա, տարիների հետ դանդաղորեն մանկանում:
Ուր սկզբում պատիժն է,
իսկ հանցանքը հետո է լինելու,
ու սկզբում ծափերն են,
իսկ երգը լսվում է վերջում,
ուր սկզբում քանդում են ամեն ինչ
և Աստված շրջում է անտուն…
Եւ միայն լացն է անվերջ…
Եւ միայն ցավն է անհուն…
Ահա նորից մի քար: Հեռվում էլի քարեր:
Ահա հեռու Եվրոպան և լույսերը մոտեցող՝
գայլերի վառվող աչքեր…

[sharify]