61.ԲՈՒՐԻԴԱՆԻ ԷՇՆ ՈՒ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Շաբաթվա իրադարձություններին անդրադառնալու խնդրանքով երկար որոնումներից հետո գտա Մաեստրոյին, որը տխուր-տրտում կանգնած էր քաղաքի կենտրոնական շրջանի դռները փակ և լույսերը հանգցրած կազինոներից մեկի առաջ:

-Ի՞նչ եք անում այստեղ, Մաեստրո,- զարմանքով հարցրեցի:

-Է՛հ, բալա ջան, աղանդավորության դեմ վեպ էի գրում, էն էլ ձախողվեց:

-Ինչպե՞ս՞

-Դե, գլխավոր հերոսը սկզբում խաբվելով դառնում է եհովայական, հետո մի գիշեր երազում Քրիստոսը գալիս է, ասում. «Ա՜յ Վալոդ, թող էդ ախմախությունը, ճշմարիտ հավատքի դարձիր, գնա՜ Սուրբ Սարգիս եկեղեցի, մոմ վառիր, աղոթք արա՜, իսկ հետո գնա կազինո, և քո ճշմարիտ հավատքի շնորհիվ անպայման մեծ գումար կշահես»…

-Շատ լավ սյուժե է, իսկ հետո ի՞նչ է լինում,- խիստ ոգևորված հետաքրքրվեցի:

-Ա՜յ մարդ, խեղճ Վալոդն էդպես էլ վարվում է, թողնում իր եհովայականներին, գնում է Սուրբ Սարգիս, աղոթք է անում, մոմ վառում, հետո ուրախ-ուրախ գալիս է կազինոյում Քրիստոսի խոստացածի պես մեծ գումար շահելու, փոքր ու միջին բիզնեսով զբաղվելու, տեսնում է՝  ի՞նչ:

-Ի՞նչ,- հետաքրքրվում է թղթակիցը:

-Տեսնում է՝ կազինոյի դուռը փակ: Պարզվում է՝ կառավարությունը որոշել է փակել բոլոր կազինոները և հանել քաղաքից դուրս:

-Վերջն ի՞նչ է լինում, Մաեստրո:

-Վերջն այն է լինում, որ կառավարության մեղքով աղանդավորության դեմ պայքարը տապալվում է՝ Վալոդը փոր-փոշման վերադառնում է իր նախկին եհովայականությանը…

-Մաեստրո, իսկ չի՞ լինի, եթե Վալոդը մեծ գումար շահի վիճակախաղով:

-Չի լինի,- կտրուկ պատասխանեց Մաեստրոն:- Ես էսքան տարվա մարդ եմ, դեռ մեկին չեմ տեսել, որ վիճակախաղով ինչ-որ բան շահած լինի…

-Լավ, Մաեստրո, վերադառնանք շաբաթվա ամենակարևոր իրադարձությանը. ինչո՞ւ է այսքան մեծ նախագահության թեկնածուների թիվը:

-Ի՞նչ ասացի՞ր, մեծ թի՞վ,- քմծիծաղ տվեց Մաեստրոն:- Հլա էս կազինոները չլինեին, գիտե՞ս, գիտե՞ս էդ թիվն ուր կհասներ… Շատերը, ի՛նչ ոսկի տղերք, խաղով տարված, մոռացել են հայտ ներկայացնել… Գիտե՞ս ինչ  ընտրապայքար կլիներ: Նախագահական ընտրությունները դեռ ոչինչ, խաղատները քաղաքից դուրս հանելով կարող են ընդհանրապես տապալվել Ազգային Ժողովի ընտրությունները: Հավանական թեկնածուների մեծ մասն ընտրությունների ժամանակ հասկանալի պատճառներով քաղաքից հեռու կլինի…

-Լավ, Մաեստրո, իսկ ի՞նչ կապ ունի Բուրիդանի էշը կոմպլեմենտար քաղաքականության հետ, ինչի մասին հայտարարել եք վերջերս նախագահության թեկնածուների ծրագրերին ծանոթանալուց հետո: Նախ խնդրում եմ ասեք՝ ո՞վ է Բուրիդան:

-Բուրիդանը 14-րդ դարի ֆրանսիացի սխոլաստ փիլիսոփա է, իմ հին ընկերներից… Բա՜,  բալա ջան, ջահել տեսքիցս մի՜ խաբվիր, ես հին մարդ եմ… Մի խոսքով, էս Բուրիդանը պատմում է մի էշի մասին, որն իմ համոզմամբ կոմպլեմենտար քաղաքականության առաջին զոհն է պատմության մեջ… Հայտնվելով հավասար հեռավորություն և հավասար գրավչություն ունեցող առվույտի դեզերի արանքում, էս խեղճ էշը էդպես էլ, չկարողանալով դեզերից որևէ մեկին նախապատվություն տալու հիմնավոր պատճառ գտնել, ի վերջո սովից սատկում է… Ծանոթանալով մեր նախագահության թեկնածուների ծրագրերին, տեսնելով, թե նրանք ինչպես են տարուբերվում  հին ու նոր բարեկամների, կապիտալիզմի ու կոմունիզմի արանքում և ոչ մի  կերպ չեն կարողանում հստակորեն կողմնորոշվել, մեջս հիմնավոր կասկածներ են առաջանում, որ հետևելով նրանց, արդյո՞ք մենք ևս չենք հայտնվի Բուրիդանի էշի կարգավիճակում և ի վերջո չե՞նք սատկի սովից՝ այդպես էլ չճաշակելով ազատության և անկախության առվույտը:

 

[sharify]