Սարսափելի է, երբ տրամադրությունդ փչանում է
պայծառ եղանակին,
գարնանային արևոտ մի օր, – քիչ հեռվում գետն է հոսում`
ալիքվող ու հարահոս աղյուսակը Մենդելեևի,
ափին` կիրակնօրյա հանգստի է դուրս եկել մեծ փիլիսոփայի
ընտանիքը վիթխարի` և հայրը հին հունական խստությամբ
զգուշացնում է երեխաներին.
-Ոչ մի դեպքում չհեռանալ բանականությունից անդին,
վտանգներով լեցուն է անիմանալին…
Սակայն երեխաներն անհնազանդ դուրս եկան
և խախտեցին իրենց իմաստուն հայրիկի պատվիրանը
և եղավ այն, ինչն այլևս իմաստ չունի թաքցնել
նույնիսկ երեխաներից.
Պիղատոսը լվաց ձեռքերն ու քաշվեց իր սենյակների խորքը,
դեսուդեն հնչեցին կրակոցներ,
և տրամադրությունս փչացավ վերջնականապես: