սկիզբը երեկոյան ժամը 4-ին,
կրկնությունն ամեն երկուշաբթի
Ինչպիսիˉ խայտառակություն – մինչ ամբողջ
քաղաքակիրթ աշխարհում միլիարդա և
միլիոնատերերն են ինքնասպանություն գործում,
մեզ մոտ դեռ թշվառներն ու ընչազուրկներն են
շարունակում իրենց նետել Կիևյան
և զանազան այլ կամուրջներից ներքև… Տպավորությունը
փոքր ինչ մեղմելու համար ստիպված մեկ-երկու
ունևորի սպանեցին, որոնց ոչ մի կերպ հնարավոր
չեղավ համոզել, որ գոնե
ձևական փորձ անեն վերջ տալու իրենց անհամ կյանքին:
«Հաշվապահների դարաշրջան» –
գալիք սերունդները պատմության դասագրքերում
անկասկած այսպես կանվանակոչեն այն
ժամանակատարածքը,
որն ես ապրում եմ հիմա: Չէի ասի, թե այն
լավագույնն է արդեն եղածների մեջ,
բայց երևի ամենաարտառոցն է
ինքնասպանությունների աննախադեպ առատությամբ:
Արդեն վաղուց լռել են մեծ հողատարածքների,
գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների համար
մղվող արդար ու անարդար ճակատամարտերի
աղմուկ-աղաղակները, մեռնողների ճիչ ու կանչերը…
Հիմա այդ ամենը,
ներառյալ լեռներն ու անտառները,
հաշվեկշռված են ու համարակալված և պահվում են
բանկերի պողպատակուռ սեյֆերում`
խիստ հսկողության տակ:
Սակայն ինքնասպանությունների թիվը
զարմանալիորեն շարունակում է աճել:
Հաշվապահներն ամեն աշխատանքային օրվա ավարտի
ճշգրիտ հաշվետվություն են ներկայացնում, թե քանի ձուկ է
մնացել ջրերում, քանի թռչուն` երկնքում, քանի վագր,
կապիկ, առյուծ ու փիղ` անտառներում… Բոլորը
համարակալված են, բացի ճանճերից ու մոծակներից,
որոնք դատապարտված են վերացման:
Երբեք նկարներն այսքան թանկ չեն եղել
և նկարիչներն` այսքան էժան: Երբեք սերն այսքան
առատ չի եղել և սիրահարներն այսքան սակավ:
Եվ երբեք աշունն այսքան շռայլ չի եղել
և հաջորդող ձմեռը` այսքան դաժան:
Եվ երբեք ես ու դու այսքան երջանիկ չենք եղել,
թեև դուրս ենք մնացել համարակալվածների թվից:
Որովհետև
դատապարտված ենք վերացման…
Հանգցնենք լույսերն ու նստենք ով որտեղ պատահի:
Կարգն է այդպիսին`
մեկ րոպե լռենք հեռանալուց առաջ:
Պատրաստ` լռելու մի ամբողջ հավերժություն: