«ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» – խոշոր, լացակումած տառերով
գրված էր շենքի դարպասին:
«ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» – մանր, ամեն ինչից հոգնած տառերով
գրված էր ավտոմեքենայի թափքին:
«ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» – գրված էր կրպակի դռանը:
«ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» – գրված էր դեղատան ապակուն:
«ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» – գրված էր գործարանի պատին:
«ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ» – գրված էր անտառի ծառերի,
ինչպես նաև
թփերի ու հատուկենտ սունկերի վրա:
«ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ» – գրված էր փետրավոր ու անփետուր
ամպերի, արևի ու աստղերի վրա:
«ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ» – գրված էր գետերի ու լճերի,
ձողերի ու լեռների,
շների ու կատուների վրա…
«ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ» – աննկատ ու գաղտագողի տառերով
գրված էր կառավարության շենքի
ահռելի ցուցանակի վրա: