ԵՐԵՎԻ

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

Մենք, երևի, իսկապես եկվորներ ենք,
մենք, երևի, իսկապես կապ չունենք այս հողագնդի հետ,
այս ցեխագնդի հետ, ընդհանրապես, ուր իրար կողք,
իրար մեջ ու իրար վրա՝ ապրում են ուս-ուսի
ու թև-թևի բազում ազգ ու ժողովուրդ,
իրար հետ առևտուր են անում, կինո ու թատրոն

են գնում իրար հետ, իրիկունները զրուցում են
պատերի տակ շարված, աղջիկ-տղա են ամուսնացնում,
քավոր ու խնամի են դառնում, ու թե
վիճում ու կռվում են երբեմն, ապա դա մի կարճ
պահ է տևում, որովհետև հարևաններն արագ մեջ են ընկնում,
հաշտեցնում են ու հետո գնում են միասին խմելու…
Մենք, երևի, իսկապես եկվորներ ենք,
մենք, երևի, իսկապես կապ չունենք այս հողագնդի հետ…
Թե չէ, ինչո՞ւ են բոլորը մեզ խեթ նայում,
թե չէ, ինչո՞ւ ոչ մեկը ձեռք չի մեկնում օգնության,
հեռուստացույցով նայում են անտարբեր, թե ինչպես են
օրվա տարբեր ժամերին կոտորում մեզ, հետո ձանձրացած
փոխում են ալիքն ու կամ էլ անջատում են հեռուստացույցը,
ապա երկար, առողջ ու երջանիկ հորանջում են և
ծույլ-ծույլ քստքստացնելով հողաթափերը գնում են քնելու…
…Կան ցավի ու հուսահատության պահեր, երբ սևանում է հոգիս,

երբ մշուշվում են աչքերս ու հենց այդպես,
մշուշված ու ոչինչ չտեսնող աչքերս հառում եմ երկինք՝
որոնելու հեռավոր ու անհայտ հայրենիքս՝ անանուն մի մոլորակ,
ուր, երևի, ճիշտ և ճիշտ այսպիսի մասիսներ կան,
որոնցից, երևի, մեծի վրա իջել է նոյի տապանը
երևի մի որևէ տիեզերական ջրհեղեղի ժամանակ…

 

[sharify]