ԳԱՐՈՒՆ – 1992

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

Ձմեռն այնպես վերջացավ, ինչպես վիշապն է սատկում
հեքիաթների ամենավերջում,
ինչպես պատերազմն է վերջանում՝ երկար տարիներ տևած…
Եւ ոչինչ, որ գարնան առաջին ամպրոպի փոխարեն
արկեր ու ռումբեր պայթեցին
և փամփուշտների հորդառատ անձրև տեղաց:
Հետո իսկական անձրևն եկավ. մարդիկ թափվեցին փողոց՝
կոտրված ժպիտ կար դեմքերին ուշացած երջանկության…
Եւ ոչինչ, որ ավելի շատ էին կասկածողները, որոնք
նստեցին տանը միացնելով ռադիոն
եւ սպասելով, թե ինչ որոշում կընդունի
պառլամենտն այս կապակցությամբ:
Եւ ոչինչ, որ թեև արևը շողում է պայծառ,
բայց չեն շտապում մարդիկ՝
դեռ վերարկուներով են քայլում,
ձեռքերը խոր գրպանները խրած…
Պիտի հասկանալ նրանց, ախր, ինչպես հավատան,
որ հնարավոր է հենց այնպես տաքանալ՝
առանց գազ ու մազութի, առանց ջեռուցման…
Ոչինչ: Կյանքն է եղել այդպես՝ քաղցրը քիչ, լեղին
եղել է առավել, դառնությունն եղել է անծայր,
կհասկանաք, եթե լսեք ահա այս երեխային,
որ վախով արթնացել է գիշերվա կեսին
և հարցնում է մորը.
-Դո՞ւ ես ինձ օրորում,
թե՞ երկրաշարժ է դարձյալ…

[sharify]