ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ՄԻԱՍԻՆ ԵՐԳԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Ես անընդհատ մոռանում եմ հարցնել`  –

ո՞ւր կորան հանկարծ այն անձրևները,

երբ կարելի էր թափառել կիսախավար փողոցներում`

ոչ մի բանի մասին չմտածելով,
երբ ես շոյում էի քո թաց մազերը,
երբ դողացող մատներով սրբում էի անձրևի կաթիլները
թրջված այտերիցդ:

Ուզում եմ հարցնել և անընդհատ հետաձգում եմ –

իսկ ի՞նչ պատահեց գիշերվան,
որը, մի՞թե չես հիշում,

այնպես թեթևորեն տանում էր երազների աշխարհ,

և ընդհանրապես,

այս ի՞նչ փակ դուռ է
երազների աշխարհը ծածկել.

ինձ միշտ թվացել է,
թե այնտեղ դուռ չի եղել երբեք:

Հիշո՞ւմ ես, աստղերն ինչքան շատ էին,

իսկ հիմա, նայիր, եթե շատ հոգնած չես,

մի քանիսն են մնացել,
մի քանի չնչին գրոշ

անցյալի ոսկու դեզերից…

 

Իսկ ամենակարևորը, չմոռանամ հարցնել.

որտե՞ղ ես դու, ի՞նչ պատահեց քեզ,

ինչո՞ւ չեմ տեսնում այսքան ժամանակ, քեզ, որին տեսնում էի նույնիսկ
փակ աչքերով:

Իսկ հիմա աչքերս բացել

և միայն լուսինն եմ տեսնում`

կողպեքի պես կախված
երազների աշխարհ տանող ծանր դռան վրա…

[sharify]