ՓԱՐԻԶ, ԷԼԻ ՓԱՐԻԶ

Պոեզիա > ԵՐԿՈՒ ՋՐՀԵՂԵՂԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հերթական աշխատանքային օր էր դը Գոլի օդակայանում:

Իրականացել էր բանաստեղծի երազանքը, և նա,

ճմռթված ճամպրուկները ուղեսայլին բեռնած, խելահեղ սուրում էր

վիթխարի շինության մաքրամաքուր միջանցքներով`

ցնծությունից սրտապատառ` ուր որ է նվագախումբը կթնդա,

երկինք կսուրան հրթիռներ բազմերանգ,

և Փարիզի վարորդները համընդհանուր գործադուլ կհայտարարեն`

տեսնելով անճանաչելիորեն սմքած բանաստեղծին`

թերսնված և սարսափելի նիհարած…

Ամեն ինչ ճիշտ այնպես եղավ, ինչպես ճակատագիրն էր նախատեսել,

Գրիգոր Պլտեանն է ելնում քո դեմ ժպտադեմ ու գրկաբաց,

և հրաժեշտ տալով Համամջյանին, որը վիթխարի փափախը գլխին

շարունակում էր ընկերվարության գաղափարները տարածել դեռևս

Երևանից սկսած և այժմ էլ դը Գոլի օդակայանի հոգնաբեկ ուղևորների

շրջանում,- դու, հայոց անկախ պետության ընչազուրկ մի քաղաքացի,

շրջափակումից վերջապես ազատված, խավարի վարժված աչքերդ ճպճպացնելով,

նետվում ես Փարիզի լույսերի մեջ, ինչպես մանկությանդ տարիներին

Ախուրյանի զով ու մաքուր ջուրն էիր նետվում, հեռու, դաժան ու փոշոտ

Գյումրիից վազքով, հևասպառ, ճանապարհին անհամբեր` հանելով,

դես ու դեն շպրտելով շորերդ հին, բայց խնամքով կարկատած:

Ամեն ինչ ճիշտ այնպես եղավ, ինչպես ճակատագիրն էր կանխատեսել.

Հյուգո, Բալզակ, Դալի, Պիկասո և Ապոլիներ` հովհարաձև լույսերով պսակված…

Եվ Գրիգորն անմիջապես զգուշացնում է քեզ` զգոն քայլել

Փարիզի կենտրոնական փողոցներով, շենքերից հեռու մնալ, որովհետև

ծառերին ու շենքերի քիվերին մի նոր սերունդ է հայտնվել պարարտ

ու հաստամարմին աղավնիների, որոնք ծրտում են բոլորի վրա,

չնայելով, թե դու անկախ հանրապետության քաղաքացի ես,

հիմներգ ունես ու զինանշան… ծրտում են առանց նախազգուշացման,

միաժամանակ ու ճշգրիտ նշանառությամբ,

գրադի համազարկի նման ահարկու և աղտեղի հետևանքներով հղի,

զի անսովոր ծանրաքաշ ու մեծղի են ծերտ-ականները նրանց

և անպարկեշտ խոշոր` տրամաչափը նրանց հրանոթների…

Եվ ընդհանրապես, ասաց Գրիգորը, հարկավոր է զգույշ լինել

նաև արվարձաններում, հատկապես Թաթիում հանրահռչակ, աչքդ թեքեցիր

մի պահ` ամենախորունկ գրպանիցդ անգամ կանհետանա ֆրանկդ վերջին

և նույնիսկ առատաճոխ Փարիզում, սիրելիս, դու դարձյալ կմնաս

քո 250 գրամ հացի հույսին…

Եվ ընդհանրապես, ասաց Գրիգորը, …բայց նրա ձայնը խլացավ,

որովհետև եղավ ճիշտ այնպես, ինչպես ճակատագիրն էր նախատեսել,

որովհետև թնդաց նվագախումբը ինչ-որ մի փողոցից հայտնված,

և զարմանքից լայն բացված աչքերով դու տեսար` առջևից առույգ

շարժումներով, համաչափ նետելով ոտքերը, քայլում էին Հյուգոն, Բալզակը,

Դալին, Պիկասոն, Ապոլիները և էլի մի քանիսը`

մարզական գեղեցիկ ու կոկիկ, ճաշակով զգեստներ հագած…

Եվ ապա պայթեցին հրթիռները և երկինքը ողողվեց

բազմերանգ  լույսերի ցոլքով, և հենց միայն այդ պահին

Փարիզի վարորդները համընդհանուր գործադուլ հայտարարեցին`

ամեն ինչից ձանձրացած ու հոգնած…

[sharify]