ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

Զարմանքով նկատեցի, որ ծառի ճյուղին
մի փոքրիկ տերև է հայտնվել:
Չլինի՞ թե գարունը եկել է…
Եւ իսկապես,
օրերն աննկատելիորեն տաքացել են,
հետո հիշեցի՝ քաղաքի այս ու այն
փողոցում նորից հայտնվել են վառված թշերով,
հնամենի ռեդիկյուլներով կանայք, որոնք
մանուշակներ են ծախում՝ պայմանագրային գներով…
Հետո ուշադրությամբ նայեցի անցու-
դարձողներին՝ ավելի շատ թիկնոցներով են,
հատուկենտ վերարկուներ- սա արդեն
հաստատ վկայում է, որ գարունը եկել է…
Բայց ինչպե՞ս, որտեղի՞ց.
ավտոճանապարհները փակ են վաղուց,
գնացքո՞վ- երկաթուղին անհուսորեն է փակ,
երկնքի՞ց- թռիչքներն արգելված են
և ինքնաթիռները չեն թռչում՝ վառելանյութ չկա…
ծովերո՞վ- մեզ որտեղի՞ց ծով,
վաղուց, շատ վաղուց ենք զրկված…
Բայց գարունն այստեղ է
և ահա նրա առաջի տերևը տեղ է հասել,
ինչն է զարմանալի՝ բոլորովին անվնաս…

[sharify]