ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄ․․․

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

Ես ասում եմ՝ չկա սեր ձեր սրտերի մեջ:
Հեռուներից եկած մի մարդ, քայլիր ահա
այս բազմահարկ շենքերի արանքով, ապրիր այս
միակ կյանքը, որի նպատակն այսօր միայն մեռնողներին է հայտնի:
Տես դժոխքը երկրի վրա, հիացիր ծծումբով լցված
թուջե կարասների ամրությամբ: Մատներդ տար
մանրաքանդակների վրայով և իմացիր, որ հին վարպետներն
այստեղ միշտ էլ ցանկալի հյուրեր են եղել,
դեռ ավելին, շատ հաճախ, նրանք իրենց իսկ սարքած կարասների
մշտական բնակիչն են հանդիսացել:
Փոքրիկ հարցազրույցներ անցկացրու մեղապարտների հետ,
կտեսնես, ինչպես են բառերը մեղրի նման ծորում
նրանց ճաքճքված շրթունքներից և ժպիտը, որ չի քայքայվում
նույնիսկ ծծումբի մեջ, ժպիտը, որը
բավականին մեղմացնում է մարմնի տառապող այն կեսը
որը խրված է ցավերի ու կսկիծների ծանր հեղուկի մեջ:
Ահա, հեռուներից եկած մի մարդ, որը կանգնած է ավե-
րակների մեջ և լռում է կոտրված ժպիտը դեմքին ու թեև
նրա ծնկները դողում են ցավից, սակայն կարողանում է
բարձրացնել երկու ձեռքերը, հասկացնելով, որ՝ եկեք,
եկեք բազմահարկ քարանձավներից, մոտեցեք ինձ, շոշափեցեք
իմ մարմինը, տեսեք ձեր աչքերով,
թե ինչպես է հոգին անջատվում մարմնից, և տեսեք
ձեր աչքերում, ինչպես է ափիս մեջ ճաքճքվում սիրտը,
որից հեռանում է սերը, և ինչպես է փոշի դառնալով
ծորում մատներիս արանքով, և տեսեք, ես էլ արդեն
ընդամենը հող եմ, հողի մի փոքրիկ բլուր:
Եւ ուրիշ ոչինչ:

[sharify]