ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է…

Պոեզիա > ԿԵՍ ԺԱՄԱՆԱԿ

Ամեն ինչ վերադառնում է:

Սովորական պատմություն է` շուկայի ճանապարհին տեսնել

վաղուց մեռած հայրիկիդ, որ վերադառնում է տուն

աշխատանքից (անպայման շուկայով), չի սիրում

դատարկ ձեռքերով տուն մտնել:

Այլևս չես զարմանում, երբ տեսնում ես,

թե ինչպես է մայրդ վախվխելով կտրում-

անցնում փողոցը – երևի, էլի սոցապից է գալիս,

ուր ամեն հինգշաբթի գնում է բողոքելու`

թոշակը կտրելու համար.

– Ամեն ինչ օրենքով է, – բացատրում են նրան,-

հանգուցյալներին թոշակ չի տրվում:

Աշոտ Երկաթն է, ահա, ուրախությունից գլխակորույս

վերադառնում Պարսկաստանից, ուր վաճառել էին նրան,

որպես մետաղի ջարդոն (պատմավեպերի սիրահար հորեղբորս

նախասիրած կերպարն էր),  իսկ հորեղբայրս մահացավ

երկրաշարժից ընդամենը մի քանի տարի հետո,

Գյումրիում: Նրա ավագ որդին Հյուսիսային Ամերիկայից

հեռախոսով հրաժեշտի աղեկտուր բանաստեղծություններ էր

կարդում իր հորինած, և մենք արտասվում էինք

հասկանալի պատճառներով…

Ինչ խոսք, լացն ընդհանհապես շատ էր:

Բայց ամենածանրը վերադարձի լացն է,

երբ ծնվում ես նորից: Դաժան է բաժանումը

հին հարազատներից, և  դեռ չգիտես, թե ի՞նչ մարդիկ են

քո այս նորերը, որ երջանկությունից խենթացած

տուն են տանում քեզ`

բարուրի մեջ ամուր փաթաթած…

[sharify]