ԱՇՆԱՆ ՄԻԱՊԱՂԱՂ ԱՌԱՎՈՏ ԷՐ…

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Աշնան միապաղաղ առավոտ էր:

Այգու խորքում, ամենախորքում,

տերևների դեղին ու թաց կույտի միջից

հանկարծ բարձր զնգաց ինչ-որ մեկի

վաղուց կորցրած զարթուցիչը:

Ինչ-որ մեկը պիտի հիմա արթնանար,

պիտի սափրվեր, լվացվեր,

խմեր իր սուրճը, վառեր ծխախոտը

և դանդաղ քայլերով շրջեր

սենյակի անկյունից անկյուն…

Եվ փողոցում կորած փոքրիկ երեխայի նման

աշնան մեջ բարձր հեկեկում էր զարթուցիչը,

և մարդիկ լուռ ու մոլորված լսում էին նրան

և տխուր ու անօգնական

օրորում էին գլուխները…

[sharify]