Մի մաքուր ձայն, որը հնչում է
ձմեռվա թափանցիկ արքայության մեջ
և ճերմակ ձյուն
և ճերմակ ձյան վրա հետքեր, որոնք առանց տատանվելու
բարձրանում են երկինք:
… Ես ինչ-որ կարևոր բան էի ուզում ասել քեզ,
երբ լույսը սկսում էր բացվել,
ես հիմա էլ հիշում եմ բոլոր բառերը –
դրանք հենց այն բառերն են,
որոնցով մարդիկ կարևոր բաներ են ասում իրար,
երբ լույսը սկսում է բացվել…
Բայց մի մաքուր ձայն,
որն հնչում է
ձմեռվա թափանցիկ արքայության մեջ
միայնակ կախվել էր օդում
և նայում էր բոլոր ուղղություններով…
Իսկ հետքերն ավելի խորն էին դաջվում ձյան վրա
և ձյունը դրանից ավելի էր ճերմակում…
իսկ ես հիմա նայում եմ քո ուսերին,
քո փխրուն ուսերին,
որ հեռանում են,
և վերարկուն,
որից անընդհատ բողոքում էիր դու,
ինչ-որ հարազատ բան էր պոկում ինձանից,
ինչ-որ կարևոր բան
որն ուզում էի քեզ ասել, երբ լույսը սկսում էր բացվել…
Բայց լույսը շարունակում էր բացվել,
և իմ անվերջ սև ու թունդ-տխուր աչքերի առջև
պարզորոշ երևում էր մի մաքուր ձայն,
որն հնչում էր ձմեռվա թափանցիկ արքայության մեջ,
մի ձայն, որ միայնակ
շրջում էր դաշտերի վրա,
ճերմակ ձյան վրա
և մեկ-մեկ ջնջում էր հետքերը,
որոնք հենց այն բառերն են,
որոնցով մարդիկ կարևոր բաներ են ասում իրար,
երբ լույսը սկսում է բացվել…