Այստեղ մարդիկ փոքրամասնություն են կազմում
և երբեմն (շատ հազվադեպ) կարելի է տեսնել նրանց
կովերի, ոչխարների բազմության մեջ մտահոգ քայլելիս:
Եվ ծիծաղում են միայն այն ժամանակ, երբ փորձում ես
խոսել նրանց հետ արդարության մասին: Ծիծաղից
ուշագնաց են լինում, երբ ցույց ես տալիս ծառը և ասում ես`
տեսեք ի՜նչ գեղեցիկ է մայրամուտի ցոլքերի մեջ,
և պարզապես թավալվում են գետնին և մարում են`
քրքջալուց կուչ ու ձիգ գալով, երբ կարդում ես մի քանի
տող դասական պոեզիայից` սիրո և հավերժական
գեղեցկության մասին: Իսկ ընդհանրապես, մութն
այստեղ շուտ է ընկնում: Լույսերն հանգցրած ճաշում են`
համընդհանուր խավարը քերծելով ափսեներին քսվող
կոպիտ գդալների զգուշավոր խզզոցով: Իսկ
ընդհանրապես, մարդիկ այստեղ կարճ են ապրում,
մեռնելն այստեղ տղամարդուն վայել լուրջ գործ է
համարվում, ու թեև ճամփան մի թիզ է մինչև
գերեզմանատուն,- ամեն կերպ աշխատում են այն
երկարացնել` պտտվելով տների ու բակերի լաբիրինթոսում:
Պառկում են նրանք դագաղի մեջ` մտահոգ դեմքերով,
գլխարկները քաշած մինչև քթարմատը: Լուռ: Քարի պես
լուռ: Եվ միայն գերեզմանափոսի առաջ, երբ տեր հայրը
մեջքը քորելով սկսում է արագ-արագ խոսել սիրո,
արդարության և հավերժական գեղեցկության մասին`
երկրի վրա և հատկապես երկնքում, թեթև ժպիտ է
խաղում նրանց մազմզոտ ու գունատ դեմքերին, և
նրանք, ինչ-որ բան են ասում` շրթունքներն աննկատ
շարժելով… Ի՞նչ են ասում, էհ, հնարավո՞ր է բան
լսել կանանց բարձրաձայն լացի, հավերի կչկչոցի,
կովերի բառաչի և շների խառնիխուռն
հայհոյանքի միջից…