Նրբագեղ ազդագրերն աչք էին շոյում, իշխող գույնը սևն է,
և լատինական տառերը հանդիսավոր են ինչպես երբեք:
«Գլոբուսի» հերթական ներկայացումն է, թերևս,
ամենաշքեղն ու ամենաբազմահանդիսատեսը մինչ այս
եղածներից: Կա մի մեծ նորամուծություն – չկա բեմ,
այսինքն, բեմն ինքը Բրիտանիան է… Մառախլապատ
վարագույրը դանդաղ բարձրանում է Էլթոն Ջոնի
ողբաձայն երգի ուղեկցությամբ: Խնայողությո՜ւն,
Հորացիո, խնայողությո՜ւն, – թեքվելով ընկերոջ
միջնադարյան ականջին շշնջաց Համլետը, երբ սա
զարմանքով նկատեց, որ այս նույն` «Candle in the
wind» երգը, նույն այս երգչի կատարմամբ լսել էր
մեկ այլ կնոջ թաղման ժամանակ… Սխալմամբ
հայտնվում է Համլետի հոր ուրվականը և ողբն ավելի
սգավոր է դառնում. քամին փռփռացնում է ուրվականի
թիկնոցը, որի աստառին պարզ երևում է գովազդային`
«British Petrolium» մակագրությունը, քիչ ներքևում`
ֆիրմայի հեռախոսները, ֆաքսը, էլեկտրոնային հասցեն`
ընդգծված ամենայն բծախնդրությամբ, իսկ ընդհանրապես,
փողոցներում նստոտած, պատերին հենված արտասվող
բրիտանացիներ և սև դրոշներ` խոնարհված ու սգավոր
դրոշներ ամենուրեք: Ալբիոնը ցուցադրում է արցունքները`
հատուկ օրվա համար պահած թանկարժեք զարդերի նման…
Վշտի սև թավիշի վրա ի՜նչ հպարտ են փայլփլում
ադամանդները արցունքների, ի՜նչ ճշգրիտ են խուզված
գազոնները կանաչախիտ, և Քեմբրիջը, որ ամենաքեմբրիջն է
աշխարհում, և Օքսֆորդը, որ ամենաօքսֆորդն է
եղածների մեջ, և բրիտանական առյուծն ամենազորեղն է
մյուս բոլոր չորքոտանիների համեմատությամբ, և ողջերի
մեջ չեք գտնի ուրիշ և ոչ մեկին, որն ավելի ողջ է,
քան թե մեռած Դիանան…
Կարատներով է չափում իր արցունքները
Մեծ Բրիտանիան: