Այնպես ծանր է տառապանքը
սպիտակ պատերով մաքուր սենյակում:
Սեղանին կանոնավոր շարված են բաժակները,
և դեռ սփռոց է փռած սեղանին,
նույնիսկ ճանճեր չկան, և լուսամուտներն էլ մաքուր են:
Այնպես ծանր է, երբ լուսամուտները մաքուր են:
Իսկ հենց իմ լուսամուտի տակ
համբուրվում են աղջիկ ու տղա,
և ծառերն են կանաչել, և փողոցները մաքուր են,
և տրամվայներն են անցնում, և լույսերը վառած են,
իսկ նրանք համբուրվում են ու չեն բաժանվում:
Այնպես ծանր է, երբ չեն բաժանվում:
Բոլորը լուռ կանգնել և սպասում են ինձ,
նրանք ուզում են տեսնել, թե ես ինչ եմ անում.
ես փակում եմ սենյակիս դուռը, հետո բացում եմ,
ինչ-որ բան եմ մոռացել՝ ում ինչ գործն է,
իսկ նրանք չեն ժպտում, նրանք լուռ սպասում են:
Այնպես ծանր է, երբ լուռ սպասում են:
Հետո անջատում եմ ռադիոն, հետո միացնում եմ,
ինչ-որ բան պետք է լսեի և ես մոռացել եմ,
ինչ-որ բան պետք է անեի և ես մոռացել եմ,
հետո նստում եմ սեղանի մոտ, նայում եմ բաժակներին,
իսկ նրանք սպասում են և դեռ չեն ժպտում:
Այնպես ծանր է, երբ դեռ չեն ժպտում:
Իսկ լուսամուտիս տակ համբուրվում են նորից,
իսկ լուսամուտիս տակ ծառերը կանաչել են:
Շները բոլորը խելոք են, դեռ կատուներն էլ,
և մարդիկ կանոնավոր գնում են, գալիս
և բոլորն էլ սպիտակ վերնաշապիկներով են:
Անպես ծանր է, երբ սպիտակ վերնաշապիկներով են:
Ես գիտեմ այգիներում հիմա ինչ է լինում,
բոլոր ծառերը աչքերը փակել են,
և մերկ արձաններից ոչ ոք չի ամաչում,
և քայլում է ծերունին, և հաշվում քայլերը,
և ձեռքի մեջ ձեռքն է թոռնիկի:
Այնպես ծանր է, երբ հաշվում է քայլերը:
Իսկ նրանք շարունակում են սպասել,
նրանք ուզում են իմանալ, թե ես ինչ եմ անում,-
ես գնում, գալիս եմ սենյակում
և բոլորովին էլ չեմ հաշվում քայլերս,
հետո վառում եմ ծխախոտ, ծխախոտը ծխում է:
Այնպես ծանր է, երբ ծխախոտը ծխում է:
Իսկ հետո ամեն ինչից հոգնած
ես գնում եմ պառկելու, քնելու,
և երազիս մեջ ինձ այցի են գալիս կապույտ աղջիկներ,
և նորից տրամվայներն են անցնում զվարթ աղմուկով,
և հետո դու ես գալիս մտնում սենյակս,
քաշում սփռոցը սեղանի,
և բաժակները ընկնում կոտրվում են,
և բաց դռնից ճանճեր են խուժում սենյակ
և սկսում բզզալ:
Հետո քամին կոտրում է լուսամուտի բոլոր ապակիները,
և փախչում են ներքևում համբուրվող բոլոր զույգերը:
Ու հանկարծ արձանները բացում են իրենց աչքերը,
ու հանկարծ ծառերը բացում են իրենց աչքերը,
և ամեն կողմից մարդիկ են գալիս ձեռքներին լապտերներ,
նրանք որոնում և գտնում են ծերունուն
և տանում են նրան երջանկացնելու,
իսկ թոռնիկը երկար լաց է լինում ծերուկի հետևից,
հետո սկսում է ավելի բարձրաձայն արտասվել,
հետո սկսում է ավելի ու ավելի բարձրաձայն արտասվել,
և ես արթնանում եմ կեսգիշերվա ժամին,
արթնանում եմ նաև նրանք, գլուխները բարձրացնում
և շարվում են պատերի տակ կողք-կողքի:
Նրանք չեն հոգնում, նրանք չեն զարմանում,
նրանք չեն հոգնում, միայն սպասում են,
միայն սպասում են, թե ես ինչ եմ անելու:
Իսկ ես նստում եմ անկողնուս մեջ,
և արցունքները հոսում են աչքերիցս,
գլուխս չեմ բարձրացնում վեր, և արցունքները հոսում են,
իսկ նրանք ժպտում են և շրջապատում են ինձ,
և նեղանում է շրջանակը, և ես մեջտեղում եմ,
արցունքները հոսում են, և ես շշնջում եմ.
– Այնպես ծանր է, երբ լուսամուտները մաքուր են,
այնպես ծանր է, երբ չեն բաժանվում,
այպես ծանր է, երբ լուռ սպասում են,
այնպես ծանր է, երբ չեն ժպտում,
այնպես ծանր է, երբ սպիտակ վերնաշապիկներով են,
այնպես ծանր է, երբ հաշվում է քայլերը,
այնպես ծանր է, երբ ծխախոտը ծխում է:
………………………………………………………..
Նրանք ինձ բարձրացնում են իրենց ձեռքերի վրա
և առանց երգելու տանում են դուրս:
………………………………………………………..
Հետո ինչ-որ մեկը ետ է դառնում
և հանգցնում է սենյակի լույսը: