ԵՐԵՔ ԶՈՒՌՆԱՉԻ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Կիրակին գոլ էր տվել վարսավիրանոցի դռան մոտ

ու չէր շարժվում տեղից:

Մաքուր սափրված,

երեսները ալյուրոտ (վարսավիրը չէր խնայել փոշին),

մնացած ամեն ինչը սև՝

կոստյումները սև, աչք-հոնքերը սև,

դռան մոտ շարված էին երեքով,

ծխում ու նայում էին իրար՝ երեսները ալյուրոտ:

Պայծառ շողում էր արևը,

և առավոտյան բաղնիք գնացած պառավների

կարմրաթուշ ու մաքրամաքուր խումբն էր վերադառնում հանդիսավոր:

Ճխտած շորերով վիթխարի զամբյուղները

մանրիկ քայլքի տակտով օրորելով:

Ծխում ու նայում էին նրանց՝ երեք ալյուրոտ զուռնաչի,

անտարբեր նայում էին նրանց

ու նվագում էին մտովի Շոպենի հայտնի մեղեդին,

հայտնի բայց և ներելի շեղումներով…

Եվ հետո չհասկացան, էո ինչպես,

առանց մի բառ անգամ փոխանակելու,

առանց իրար երեսի նայելու քայլեցին պառավների ետևից

մաքուր սափրված, ալյուրոտ երեսներով երեք զուռնաչի.

մտովի ձգելով տխուր մեղեդին,

մտովի՝ բայց լիովին տարված իրենց գործով,

մտովի՝ բայց առանց գլուխ պահելու,

և կիրակին, որ գոլ էր տվել ու լճացել էր վարսավիրանոցի դռան առաջ,

դանդաղ ու ծույլ-ծույլ շարժվեց տեղից:

Եվ աղավնիների, որոնք ինչ-որ մի կտուրից նետվելով երկինք

լուցկու ճերմակ բոցի նման բռնկվում էին օդի մեջ,

և ագռավների, որոնք բոցի մեջ մոխրացած, սևացած

աղավնիներն են նախկին,

և մեքենաների աղմուկի,

երեխաների զվարթաձայն ճիչ ու ծիծաղի միջով,

բանից անտեղյակ քայլում էին պառավները հանդիսավոր,

բանից անտեղյակ քայլում էին զուռնաչիները երեք,

և քրտինքը ծորում էր մաքուր սափրված դեմքերի վրայով,

թուխ առուներ գծելով նրանց ալյուրոտ թշերին…

Իսկ երբ պառավներն անհետացան բակերի և դարպասների որոգայթում,

կիսամութի մեջ միայնակ, մոլորված կանգնեցին նրանք,

սևացած երեսներով, սև կոստյումներով,

աչք-հոնքերով սև-

այս ե՞րբ մոխրացավ կիրակին՝

լուցկու պես բռնկվեց ու հանգավ,

այս ե՞րբ մթնեց օրը…

և այս ի՞նչ փողոց է՝ անծանոթ բոլորովին…

Իսկ երբ փակ դարպասի ետևից մեկը քար շպրտեց՝

կռավելով վախեցած երեգ ագռավ թռան երկինք

և թևերը դանդաղ շարժելով

լուծվեցին խավարում մթության…

 

[sharify]