ԹԱՆԿԱԳԻՆ ԻՐԵՐԻՑ ԲԱԺԱՆՈՒՄԸ…

Պոեզիա > ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԱՇՈՒՆ

Թանկագին իրերից բաժանումը

միշտ էլ դառնություն է պատճառում մեզ,

և մենք երբեք չենք կարողանում համակերպվել,

իսկ արցունքները բոլորովին էլ չեն թեթևացնում:

Հնարավոր բոլոր պատճառների առկայության դեպքում

կարելի է լինել դժվախտ կամ բախտավոր,

ընտրության առիթ եթե վիճակվի

վարվեցեք խոհեմաբար, մահկանացուներ:

Գիշեր ու ցերեկ՝ ահա պատճառը

մեր բոլոր հնարավոր թուլությունների,

լույսի աղբյուրի ինչ-որ ժամանակավոր բացակայության հատվածում

մենք դառնում ենք սարսափելի սենտիմենտալ:

Թանկագին իրերից բաժանումը

կնճիռներ է ավելացնում մեր ճակատին,

և մենք անհամապատասխան արագությամբ ծերանում ենք,

կիսատ կարդալով բոլոր գրքերը,

կիսատ քնելով գիշերը ամբողջ,

կիսատ սիրելով,

կիսատ խմելով…

Արագ խոսելուց մենք խեղդվում ենք,

բայց միտք կառուցել դեռ չենք իմանում:

Գիշեր ու ցերեկ՝ ահա պատճառը,

մահկանացուներ, լինենք առավել խոհեմ,

լույսի ժամանակավոր մեզ երևալն է աղբյուրը

փիլիսոփայական շատ դպրոցների:

Եվ վերջում իջնում է հրահանգը՝

հասել է ժամը, և առկա են արդեն հնարավոր բոլոր պատճառները.

մի կողմում մութն է, մյուսում՝ լույսը.

վարվեցեք խոհեմաբար, մահկանացուներ:

[sharify]