Տղամարդիկ: Կանայք: Երեխաներ: Լուռ: Ու սսկված:
Ինչպես ռմբապաստարանում:
Քո ինչին էր պետք թռչելը:
Երկու ժամ: Բայց դու ծերանում ես րոպե առ րոպե
և նայում ես սրահում նստոտած մարդկանց,
որ թորշոմել են ու անշարժացել,
ինչպես տիկնիկները թատրոնի պահեստում:
Քո ինչին է պետք թռչելը՝ չկա յոթերորդ երկինք,
կա ընդամենը մեկը, և մի բարալիկ միջանցք
կյանքի և մահվան արանքում:
Մի ծերունի աշխարհագրություն է ուսումնասիրում լուսանցույցից,
ուղեկցորդուհին անցավ անիրական գեղեցիկ ոտքերով:
Երկու կին զրուցում էին կիսաձայն,
և մի երեխա էր մերթընդմերթ լալիս՝
զարմանալիորեն չխանգարելով ոչ մեկին:
Եվ ես հանկարծ տեսա և չտարակուսեցի ամենևին,
տեսա, թե ինչպես դանդաղ հետևողականությամբ թևեր էին աճում
նրանց ուսերին, ովքեր թերթ էին կարդում,
ովքեր քնած էին,
և ծերունու ուսերին, որ նայում էր լուսանցույցից,
և կանանց ուսերին, որ զրուցում էին կիսաձայն,
սքանչելի թևեր էին աճել ուղեկցորդուհու ուսերին,
և երբ նա քայլում էր՝
փետուրները շողշողում էին անիրական գույներով,
սակայն ամենադժվարը երեխայի հարցն էր,
որն այլևս չէր լալիս, այլ
թևիկները արագ-արագ թափահարելով` սահում էր օդի միջով,
սրահի մի ծայրից մյուսը,
անչափ ուրախացած, ինչպես որ վայել է երեխային,
և մայրը սաստում էր նրան՝ ծալիր թևերդ և իջիր ներքև,
այլապես դուրս կթռչես լուսանցույցից,
իսկ հետո, ինչ իմանաս, թե ինչ կլինի հետո…
Պատկառելի թևեր էին աճել նաև իմ ուսերին,
և ես դանդաղ շոյում էի փետուրներս,
և սիրտս նվաղում էր հաճույքից:
Երկու ժամ, բայց դու ծերանում ես րոպե առ րոպե,
և աննկատ իջած լռության մեջ
հանկարծ բարձր ու զրնգուն հնչեց` ԾՈՒՂՐՈՒՂՈՒ,
և սրահը միանգամից լցվեց համընդհանուր կրթկրթոցով,
և կտուրից ցած նետված թխսկան հավի նման
ինքնաթիռը թփթփոցով վազեց՝ թևերը կախած ներքև
և ապա կանգ առավ
թեթև շունչ քաշելու պես:
Իսկ երբ բացվեց դուռը, և սանդուղքը մոտեցավ ելքին –
դուրս եկավ մի ծերունի,
ընդամենը մի ծերունի,
հենվեց ցանկապատին և սպասեց երկար,
սպասեց, մինչև որ օրը մթնեց,
և մթնեցին էլի ուրիշ օրեր,
և հետո դառը քմծիծաղ տվեց ու դանդաղ հեռացավ,
և կարծես թե չմոռանալու համար
քթի տակ կրկնելով անվերջ՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ,
կյանքի ու մահվան արանքում՝
երեխաներ, կանայք ու տղամարդիկ…