Իմաստուն խոսելու կարոտը քեզ խոցեց անվերադարձ,
և դու քայլեցիր կռացած:
Հեռավոր, փոքրիկ քաղաքը քեզ ոչինչ չսովորեցրեց,
նա իր թարմ կաթն էր մատուցում ճշտապահորեն՝
առավոտյան և երեկոյան:
իսկ երբ ձյուն եկավ,
դու բոլորովին սենտիմենտալ դարձար:
Դեռ մանկուց թեքում կար քո մեջ
անբացատրելի տխրությունների,
թախծի սահուն ելևէջների
և անկյունային գոյության հրաշքների նկատմամբ:
Իսկ երբ ձյուն եկավ,
դու ուզեցիր հիշել անցյալդ գոնե մի ծխախոտի համար,
գոնե մի քիչ երազելու համար՝
այդ ամենը դու ուզեցիր, հենց երբ ձյուն եկավ:
Հեռավոր փոքրիկ քաղաքը ծաղկազարդ սոնետի է նման,
իզուր բաների համար այնտեղ երկար չեն ծափահարում,
այլ ժպտում են քթի տակ
և կինո են գնում հսկայական ընտանիքներով:
Եվ գրավաճառը հին շլյապան գլխին ուղիղ դրած
հրավիրում է քեզ խոսելու դեսից-դենից:
Իսկ դու լուռ սեղմում ես նրա ձեռքը,
կորած հիացմունքով համեմատում իջնող ձյունը կաթի հետ
և հրաշքով փրկվելով գրավաճառի կենսուրախությունից
նետվում ես փողոց
և քայլում կռացած
ծաղկազարդ սոնետի տողերի երկայնքով: