Ինչ-որ հեռու, հեռավոր երկրում
ապրում է թագավորը
և հրամաններ է արձակում:
Նա ամեն առավոտ շարում է զորքը,
համբուրում է թագուհու ճակատը,
հետո լվացվում է
և դուրս է գալիս թափառելու:
Զորքը գնում է նրա հետևից,
և նրանք գնում են դաշտերով, ձորերով,
անտառներով, լեռներով
և չեն հանդիպում թշնամուն:
Եվ հետո նրանք ետ են դառնում`
լեռներով, անտառներով, ձորերով, դաշտերով,
տխուր ետ են դառնում:
Թագավորը փոշոտված է սարսափելի,
զորքը փոշոտված է սարսափելի:
Նրանք լվացվում են,
և թագավորը հրամաններ է արձակում,
և թագավորը համբուրում է թագուհու ճակատը
և գնում է քնելու: