ԾԱՂԿԱԶԱՐԴ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

…Եվ Տերը ծաղկեպսակը գլխին հանդիսավորությամբ

մտավ Երուսաղեմ` ավանակի վրա նստած

(ի դեպ, միգուցե դա էր պատճառը, որ տրանսպորտի

այդ տեսակը եկեղեցիների և քահանաների

հետ միասին դաժանորեն վերացվեց աթեիստական

ԽՍՀՄ-ում, և հիմա անկախացած Հայաստանում

հուսահատ ճիգեր են անում վերակենդանացնելու այն,

հաշվի առնելով բենզինի շեշտակի թանկացումները):

…Եվ Տերը ծաղկեպսակը գլխին անցնում էր,

համընդհանուր ցնծության, բողբոջած ուռենու

ճյուղերի և մարդկանց դեմքերին ծաղկած

ժպիտների միջով` ավանակի վրա նստած,

որի հետագա անբարենպաստ ճակատագրի

մասին մենք արդեն նշեցինք վերևում… Եվ հանկարծ

համընդհանուր ցնծության վրա սառը  ջուր

լցրեց երեխայի լացի ձայնը` բարձրաձայն ու

աղեկտուր…

– Ինչո՞ւ ես լալիս,- նեղված հարցրեցին փոքրիկ

տղային, որը փողոցի անկյունում լալիս էր

ձայնը գլուխը գցած.

– Չգիտեմ,- ասաց երեխան և շարունակեց

հեկեկալ կոկորդի ամբողջ զորությամբ:

– Ինչո՞ւ է երեխան լալիս,- նեղված հարցրեցին Տիրոջը:

– Կա մի բան, որը ես չգիտեմ,- ասաց Տերը, որը գիտեր

ամեն ինչ,- և դա հենց այն է, ինչը հարցնում եք… Չգիտեմ:-

Կրկնեց, շարունակելով ժպտալ, իսկ հուզմունքից

դողացող ձեռքը աննկատ շոյում էր գլուխը

խոնարհ ավանակի, որի հետագա անբարենպաստ

ճակատագրի մասին մենք արդեն նշեցինք

վերևում…

 

[sharify]