Կիսամերկ կանայք լճի ափին
և մի կին` հագնված,
որ ավելի մերկ էր թվում
շորերի մեջ: Նայում ես նրան
և նվաղում է սիրտդ:
Նայում ես լճի ափին,
միայն մի կին ես տեսնում
լույսերի մեջ ողողված,
և Աստծուն, որ շփում է ձեռքերը,
և Աստծուն, որ ինքնագոհ
ժպտում է քթի տակ`
ինքն իր ստեղծածով հիացած…