Հայրս ու մայրս
երկու վառվող մոմեր
երկու ձեռքերիս մեջ,
երկու հալվող մոմեր`
հայրս ու մայրս:
Զգույշ քայլում եմ
տարիների մեջ,
թեթև շունչ քաշում:
Դեմքիս մի կեսը ցերեկվա մեջ է,
իսկ մյուս կեսը` գիշերվա մեջ:
Ահա մի քառորդ
ապրեցի այսպես:
Մեկ ուրիշ քառորդ –
և էլ չկամ ես,
և էլ չկամ ես:
Հայրս ու մայրս
երկու վառվող մոմեր.
ես մեկ ուրախ եմ
և մեկ էլ տխուր
նրանց լույսի տակ:
Երկու ձեռքերիս մեջ
երկու հալվող մոմեր`
տաք ու գեղեցիկ
մոմե արցունքներ
ձեռքերիս վրա: