Հեռուստացույցի էկրանը – բանտախցի պատուհան
աշխարհի վրա բացված: Հնարավորինս
հաշվի են առնված
ճաշակներն ու ցանկությունները բոլոր բանտարկյալների –
ձմռանը շատերը գերադասում են տեսնել տաք երկրներ,
խիտ ու փարթամ անտառներ, մաքուր ու կոկիկ քաղաքներ,
որոնց փողոցներով շրջում են թեթև հագնված,
ժպտադեմ մարդիկ,
և ամենևին չեն կրակում իրար վրա
թիկունքից:
Ամռանը ցուցադրում են հենց նույն այդ մարդկանց,
որոնք տոթ քաղաքները թողած զովանում են
ծովերում ու գետերում,
արևկող են լինում տաք ավազներին պառկած,
խաղաղ նիրհում են աչքերը փակ – ամենևին չկասկածելով,
որ ինչ-որ մեկը կրակելու է նրանց վրա
թիկունքից:
Բայց ամենացանկալին, բոլոր եղանակներին,
ճամփորդական պատկերներ տեսնելն է, թե ինչպես են
հենց նույն այդ մարդիկ ավտոներով, գնացքներով,
ինքնաթիռներով
ինչ-որ տեղ գնում կամ վերադառնում են ինչ-որ տեղից
ոմանք դիմավորում են, մյուսները ճանապարհ են գցում,
և պարզորոշ զգացվում է,
որ նրանց մտքովն անգամ չի անցնում,
թե ինչ-որ մեկը կրակելու է նրանց վրա
թիկունքից:
…Հետո հեռուստաէկրանը մարում է
և մանր անձրև է սկսում տեղալ բանտախցում,
որովհետև աշուն է և օրերը շուտ են մթնում,
և ես շտապում եմ ավարտի հասցնել վերջին տողերս,
քանի դեռ ինչ-որ մեկը չի կրակել
թիկունքիս: