Անաղմուկ շարվենք պատերի տակ, ինչպես
գնդակահարության պահին` վաղ առավոտյան,
քնաթաթախ, շլմորած, աչքերը տրորելով:
Խուզած գլուխներով ձմերուկներ` բանտարկյալի
շերտավոր հագուստներով: Իսկ թփերի մեջ, դեսուդեն
աղոտ պլպլում են դեղին հետույքները դդումների:
Ընդհատված է քամու աշխատանքը` կվերսկսի փչել,
տերևների խստագույնս հաշվարկից հետո միայն:
Հաշվե՞լ, թե՞ չհաշվել չվող թռչունները:
Հաշվե՞լ, թե՞ չհաշվել դասականներին, նրանց,
ում արձանները կանգնած են նշված տեղերում –
չէ՞ որ նրանք անմահ են, այսինքն ապրում են մեզ հետ,
շատ հաճախ` մեզանից ավելի երկար…
Հաշվե՞լ, թե՞ չհաշվել Շառլ Ազնավուրին, որի երգերը
միշտ մեզ հետ են, և ընդհանրապես, ինչպե՞ս վարվել
հանրապետության պատվավոր քաղաքացիների հետ`
հաշվե՞լ, թե՞ չհաշվել… Եվս մի ծանր խնդիր`
հաշվե՞լ, թե՞ չհաշվել Հունանյան եղբայրներին և
հանցախմբի մյուս անդամներին, թողնե՞լ նրանց
մարդկանց ցուցակի մեջ, թե՞ պետք է սպասել` ինչ
կորոշի դատարանը: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս
վարվել մուրացկանների, անտերունչների հետ, նոր
թվե՞ր հորինել, թե՞ հաշվել նույն թվերով, ինչ նախարարներին, պատգամավորներին ու մեծահարուստներին են հաշվում…
Մտածելու խնդիր է` չէ՞ որ մի նախարարն ավելի է ուտում,
քան մեր երկրի բոլոր մուրացկանները միասին վերցրած…
Հաշվե՞լ, թե՞ չհաշվել ինքնասպաններին, նրանց, ովքեր
իրենց հերթին են սպասում` անաղմուկ շարված
նորակառույց կամրջի բազրիքի երկայնքով:
Թե հաշվելու եք, ուրեմն, շտապեք հաշվել նաև նրան, ով
արդեն նետվել ու սուրում է ներքև, և դեռ
չի պայթել սիրտը օդի մեջ,
և դեռ` չի բախվել մայր հող ու քարին…