Նրանք ժպտում էին և արագ-արագ թարթում
ներկած և խոշոր աչքերը,
որոնց մեջ օրորվում էին
դատարկ օրորոցներ,
իսկ իմ ձեռքերը դողում էին,
և ծխախոտի մոխիրը թափվում էր
թանկարժեք և հազվագյուտ գորգին,
իսկ իմ ձեռքերը դողում էին:
Իսկ դրսում անձրև էր գալիս,
և ես նրանց պատմում էի անձրևի մասին
և մարդկանց մասին,
որոնք արագ-արագ անցնում էին պատուհանի տակով:
Իսկ իմ ձեռքերը դողում էին,
իսկ նրանք ժպտում էին անվերջ ու անվերջ
և նրանք կլանված լսում էին ինձ,
խնամքով թաքցնելով տառապանքը
դիմափոշու հաստ շերտի տակ:
Բայց երբ երաժշտությունը լռեց,
բայց երբ դադարեց անձրևը,
ես մոտեցա,
հերթով մոտեցա նրանց
և դողացող ձեռքերով սրբեցի ժպիտը
նրանց դեմքերից,
դողացող ձեռքերով սրբեցի տառապանքը
նրանց այտերից
և օրորոցները, որ նրանց աչքերի մեջ
օրորվում էին դատարկ՝
լցվեցին արցունքով…